Ղևոնդյան․ Երկրում կադրերի սովի համար ո՞վ է պատասխանատու

Ղևոնդյան․ Երկրում կադրերի սովի համար ո՞վ է պատասխանատու

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, անդրադառնալով կադրային սովի մասին վարչապետի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում հարց է բարձրացրել, թե ով է դրա համար պատասխանատու։

Նա նաև նշել է՝ քանի՞ կադրի պատվեր է իջեցրել կառավարությունը բուհերին, նրանցից քանիսի՞ն է վերապատրաստել և օգտագործել։

«Երկրում կադրերի սովի համար ո՞վ է պատասխանատու։ 2018-2025թթ․ բակալավրի ամբողջական 4 թողարկում է եղել, մագիստրատուրայի ամբողջական՝ 2 թողարկում (2025թ․ ն էլ հաշված)։ Քանի՞ կադրի պատվեր է իջեցրել կառավարությունը բուհերին, նրանցից քանիսի՞ն է վերապատրաստել և օգտագործել կառավարման համակարգում։ Բուհերը ի՞նչ մասնագետների են պատրաստում, ո՞վ պետք է վերահսկի նրանց կրթության որակը։ Ո՞վ պետք է համակարգի ու կառավարի այս գործընթացը»,–ասվում է գրառման մեջ։

Ռոբերտ Ղևոնդյանը հարց է բարձրացրել նաև ավարտած ուսանողների որակների գնահատման մեխանիզմների բացակայության մասին։

«Ի վերջո՝ կա՞ որևէ կառույց, որը կարող է գնահատել բուհն ավարտողի որակներն ու նրան առաջարկել աշխատանք, թե՞ դա բացառապես վարչապետին գրված նամակների ուղղագրությամբ է որոշվում։

Իսկ կա՞ որևէ կառույց, որը գնահատում է պետական բյուջեից աշխատավարձ վճարող բուհում դասավանդողների աշխատանքի որակը, թե՞ դա էլ նշանակություն չունի, կարելի է ուղղակի հայտարարել՝ կադր չունենք, դրա համար մեր դեսպանատներում 1, ամենաշատը՝ 2 աշխատող ունենք։ Բա ո՞ւր են տարեկան տասնյակ հազարներով բուհ ավարտողները»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ։

«Եթե կարելի է վարորդ լինել՝ չիմանալով մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի լինել կառավարիչ՝ չիմանալով կառավարել, ինչո՞ւ»,- ասել է նա։

 Ուշագրավ
---