5 ապրիլի 2025 - 11:44 AMT
Վարչապետին ներկայացվել է թմրամիջոցների դեմ պայքարի 2025-2027 թթ. ծրագիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով օգտագործման ու անօրինական շրջանառության դեմ պայքարի 2025-2027 թվականների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող քայլերը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում ընդգծել է, որ ռազմավարական ծրագրի կազմումը անցել է մի շարք փուլերով և դրա նպատակն է ձևավորել մեկ համապարփակ փաստաթուղթ, որը կհստակեցնի ոլորտում ներգրավված բոլոր կողմերի առջև դրված խնդիրները։

Մինչ ռազմավարական փաստաթղթի բովանդակությանը անդրադառնալը, ներկայացվել են միջազգային և տեղական վիճակագրական տվյալներ թմրամիջոցների և հոգեմետ դեղերի օգտագործման վերաբերյալ։ Նշվել է նաև, որ ռազմավարական փաստաթուղթը հնարավորություն է տալիս ձևավորել համապարփակ մոտեցում՝ ընդգրկելով նաև հանրային առողջապահության բաղադրիչը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ռազմավարության ձևավորման փուլերը, գլխավոր նպատակները՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական կիրառման կանխարգելում, թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքար, բուժսպասարկման, հոգեբանական ու սոցիալական աջակցության, վերաինտեգրման և հանրային առողջության պահպանման երաշխավորում։ Տրվել են մանրամասնություններ վերոնշյալ ուղղություններով նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։

Այս համատեքստում ընդգծվել են բնակչության իրազեկման բարձրացման ծրագրեր, վարչական տվյալների միասնական շտեմարանի ձևավորում թմրամիջոցների օգտագործող և շրջանառող անձանց վերաբերյալ՝ հետագծելիության ապահովմամբ, օրինական շրջանառությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործում, ինչպես նաև ապօրինի օգտագործողներին վերաբերող սահմանափակումների սահմանում։

Անօրինական թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի շրջանակում առաջարկվել է կանխել մաքսանենգ ճանապարհներով ներմուծումը, բարձրացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումների և նախաքննության արդյունավետությունը, կանխարգելել թմրանյութերի առցանց շրջանառությունը, ամրապնդել իրավասու մարմինների կարողությունները և զարգացնել փոխգործակցությունը համապատասխան կառույցների միջև։

Սոցիալ-հոգեբանական վերականգնման մասով առաջարկվել է տրամադրել բուժման, վերականգնման, վնասի նվազեցման ծառայություններ, ապահովել հանրային առողջություն, արդյունավետ կառավարել կայուն վերականգնումը և աջակցել սոցիալական վերաինտեգրմանը։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկները ռազմավարության առանձին հատվածների և դրանց գործարկման մեխանիզմների վերաբերյալ։

Խորհրդակցության ավարտին վարչապետը կարևորել է այն, թե ռազմավարությունը ինչպես է ուղղորդելու քաղաքական որոշումներն ու պատկան մարմինների գործունեությունը։

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես կարծում եմ, որ մեր հարվածի ուղղությունը պետք է լինի ներմուծումը և արտադրությունը»:

Նա հավելել է, որ անհրաժեշտ է հստակեցնել թիրախները և համապատասխանեցնել քաղաքականությունները այս տրամաբանությանը։ Նա նաև շեշտել է թմրամիջոցները վտանգավորության աստիճանով դասակարգելու անհրաժեշտությունը և հանձնարարել է առաջ մղել աշխատանքներն այս ուղղությամբ։