Լևոն Քոչարյան․ ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան ուրացող և ապազգային, դժվար է

Լևոն Քոչարյան․ ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան ուրացող և ապազգային, դժվար է

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն, արձագանքելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ լուծարման մասին հրամանագրից հետո արցախցիների իրավունքների հարցը այլևս դուրս է մնացել հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգից, որակել է այն «ուրացող և ապազգային»։

«ԱԳՆ այս արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է»,– գրել է նա Տելեգրամի իր էջում։

Ավելի վաղ ԱԳՆ հայտարարել էր. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---