7 ապրիլի 2025 - 18:49 AMT
Մասկն առաջարկել է վերացնել մաքսատուրքերը ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև

Միլիարդատեր և ԱՄՆ նախագահի խորհրդական Իլոն Մասկը հանդես է եկել ԱՄՆ և Եվրամիության միջև մաքսատուրքերի վերացման օգտին։ Այս տեսակետը նա հայտնել է ապրիլի 5-ին՝ շաբաթ օրը, տեսաուղերձում՝ ուղղված իտալական ծայրահեղ աջ «Լիգա» կուսակցության համագումարին Ֆլորենցիայում՝ շեշտելով Եվրոպայի հետ ազատ առևտրի անհրաժեշտությունը։

«Վերջ ի վերջո, ես հույս ունեմ, որ ձեռք կբերվի այնպիսի համաձայնություն, որի հիման վրա Եվրոպան և ԱՄՆ-ն, իմ կարծիքով, իդեալական տարբերակով պետք է անցնեն զրոյական սակագնային վիճակի՝ փաստորեն ստեղծելով ազատ առևտրի գոտի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև», — ասել է Մասկը, գրում է Deutsche Welle-ն։

«Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն և Եվրոպան կկարողանան հաստատել շատ սերտ գործընկերություն։ Եթե մարդիկ ցանկանում են աշխատել Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում, պետք է նրանց թույլ տալ դա անել», – ավելացրել է Մասկը։

Նրա խոսքով՝ դա «անկասկած եղել է իր խորհուրդը նախագահին»։

Նրա հայտարարությունը հնչել է երեք օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել է ԵՄ-ից ամբողջ ներմուծման վրա 20 տոկոսի չափով մաքսատուրքի սահմանման մասին։ Մեքենաների և ավտոմասերի ներկրման վրա սահմանվել են 25 տոկոսանոց մաքսատուրքեր։

Նոր սակագների առաջին քննադատներից էր Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Նա ԱՄՆ-ի կողմից այդ քայլը անվանել է «սխալ և կողմերից ոչ մեկին չբավարարող»։

«Մենք կանենք ամեն հնարավորը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու և առևտրային պատերազմի կանխման համար, որն անխուսափելիորեն կթուլացնի Արևմուտքը՝ ի շահ այլ համաշխարհային խաղացողների», — ընդգծել է Մելոնին։

Նա ղեկավարում է ազգայնական «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը, որը կառավարող կոալիցիայի կազմում է, ինչպես նաև «Լիգա» կուսակցությունը, որին ուղղված էր Մասկի ուղերձը։

Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեկ օրում մոտ 208 միլիարդ դոլար են կորցրել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո, ինչը գլոբալ շուկաների անկման պատճառ է դարձել: Այս անկումը Bloomberg–ի Միլիարդատերերի ցուցանիշի 13-ամյա պատմության մեջ չորրորդ ամենամեծն է և ամենախոշորը՝ սկսած COVID-19 համավարակի գագաթնակետից։