Խաչատուրյանը՝ Աբու Դաբիում․ ՀՀ–ն առաջարկում է ամենաբաց և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը տարածաշրջանում![]() 7 ապրիլի 2025 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով Աբու Դաբիում անցկացվող «Ամենամյա ներդրումային համաժողովում» ունեցած ելույթում նա հայտարարել է, որ ՀՀ–ն առաջարկում է ամենաբաց և գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը տարածաշրջանում։ «Իշխանությունների կողմից իրականացվող գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներն օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմաններ են առաջարկում: Հայաստանն օրինական երաշխիքներ է տրամադրում օտարերկրյա ներդրողների համար, ներառյալ սեփականության պաշտպանությունը, կապիտալի ազատ տեղաշարժը և թափանցիկ հարկային համակարգը: Վերջին տարիներին Հայաստանը բարձր վարկանիշներ է գրանցել միջազգային ինդեքսներում, այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են օրինակ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, տնտեսական ազատությունը, գործարար և ներդրումային ազատական միջավայրը։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության երկկողմ պայմանագրեր ավելի քան 40 երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Հայաստանն առաջարկում է մի քանի Ազատ տնտեսական գոտիներ, որոնք բարենպաստ պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզեցված մաքսային ընթացակարգեր և մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ: Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ: Պատրաստ ենք գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիաների փոխանակման”,–ասել է նախագահը։ Նա կարևոր է համարել նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման և տնտեսական կապերի խթանման գործիք: ՀՀ նախագահը հավելել է, որ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, բացառիկ հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար: Այցի ընթացքում ծրագրված են նաև Խաչատուրյանի հանդիպումները ԱՄԷ-ի բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |