Մարուքյան․ ԱԳՆ–ում մոռացել են Գրանադայում ստորագրված հայտարարության մասին

Մարուքյան․ ԱԳՆ–ում մոռացել են Գրանադայում ստորագրված հայտարարության մասին

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԳՆ-ում մոռացել են մատնել Գրանադայում ստորագրված հայտարարությունը։

«ԱԳՆ-ում մոռացել են Գրանադայում ստորագրված հայտարարության մասին։ Երեկ անդրադարձել էի ԱԳՆ-ի հայտնի հայտարարությանը՝ բնորոշելով այն որպես իրականությունը խեղաթյուրելու և Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ մեղքը կրկին այլոց վրա բարդելու փորձ։ Ցանկանում եմ վերադառնալ տվյալ մտքին՝ բացահայտելով ևս մեկ կարևոր շերտ։ Ուրեմն, 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ-ի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում էր մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել բոլոր պետական հաստատությունները և դադարեցնել ԼՂՀ-ի գոյությունը»,–գրել է նա։

Մարուքյանը հիշեցրել է, որ այս հրամանագրից ընդամենը օրեր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի ժամանակ կայացել է Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։

«Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որի մի հատվածում ասվում է․ «Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ Հայաստանը բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»։

Փաստորեն, ԱԳՆ-ի այդ վերջին հայտարարությունը պատրաստողները նույնիսկ անհրաժեշտ չեն համարել նախ պարզել՝ արդյո՞ք իրենց վկայակոչած հրամանագրի ստորագրումից հետո Հայաստանը երբևէ բարձրացրել է ԼՂ-ի հայության բռնի տեղահանության և ԼՂ-ի ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու հարցը, թե ոչ, և նոր միայն փորձել արդարացումներ գտնել ու խնդրի փակված լինելու փաստը կապել Հայաստանի կողմից չճանաչված սուբյեկտի կողմից ընդունված, իրավական ուժ չունեցող մի թղթի կտորի հետ։

Ցավալին այն է, որ այս խայտառակությունը դեռ շարունակվելու է...”,–գրել է Մարուքյանը։

ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։

 Ուշագրավ
---