7 ապրիլի 2025 - 18:47 AMT
Բալետի երեկո․ Դալմայի հերթական մշակութային անակնկալը

Ապրիլի 5-ին «Դալմա Գարդեն Մոլում» տեղի է ունեցել բացառիկ մշակութային իրադարձություն՝ բալետային երեկո։ Այցելուներն ունեցան եզակի հնարավորություն մեկ երեկոյի ընթացքում վայելելու «Կարմեն», «Կարապի լիճ» և «Դիմակահանդես» նշանավոր բեմադրությունների ամենասիրված հատվածները՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների կատարմամբ։

Ընդամենը 30 րոպե տևողությամբ ելույթը, թեև համառոտ, սակայն լի էր հույզերով ու էմոցիաներով, որը կարողացավ գրավել մոլում գտնվող հարյուրավոր այցելուների ուշադրությունն ու սրտերը։

Ինչպես նշել է «Դալմա Գարդեն Մոլի» ներքին և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը, նախաձեռնության գաղափարը ծնվել էր դեռ 2023-ի աշնանը՝ «Դալմա ամսագրի» ստեղծման փուլում:

«Նախատեսել էինք մեր ֆոտոշարքերից մեկը նկարահանել Օպերայի շենքում՝ համադրելով նորաձևությունն արվեստի հետ։ Այդ ժամանակ էլ ծանոթացա մաեստրո Կարեն Դուրգարյանի հետ, ինչը հիմք դրեց մեր երկարատև ու բովանդակալից համագործակցությանը։ Մեր նպատակը մեկն է՝ բարձր արվեստը դարձնել հասանելի բոլորին»,–ասել է նա։

Չնայած տարբեր մարտահրավերներին՝ բալետային երեկոն հաջողությամբ է իրագործվել։

«Ծրագիրն այնպես պետք է կառուցվեր, որ լիներ հագեցած, բայց նաև հարմար դիտման համար՝ առանց նստելու պայմանների։ Իսկ ամենաբարդ մասը ռեպերտուարի ընտրությունն էր։ Պետք էր հաշվի առնել նաև արտիստների զգեստափոխման հնարավորությունները՝ առանց կուլիսների։ Թատրոնի թիմի պրոֆեսիոնալիզմն ու ճկունությունն այս հարցում անփոխարինելի էին», – հավելել է նա։

Վերջին տարիներին «Դալմա Գարդեն Մոլը» դարձել է ոչ միայն գնումների, այլև մշակութային հանդիպումների վայր։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ՝ երգչախմբերի, ջազ բենդերի, նվագախմբերի և այլ արտիստների մասնակցությամբ։

«Օրինակ՝ անցած աշնանը պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իրականացրինք մեծ ֆլեշմոբ։ Իսկ այս տարի, մարտի 8-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները մոլի տարածքում անսպասելի դուրս եկան խանութներից ու տարբեր երգերի, այդ թվում «Երևանի սիրուն աղջկա» ներքո սկսեցին ծաղիկներ ու օպերայի հրավիրատոմսեր բաժանել մեր գեղեցիկ սեռի այցելուներին», – հիշեցրել է Մարիամ Չաքարյանը։