Արցախի տեղեկատվական շտաբը արձագանքել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության ապրիլի 5-ի հայտարարությանը՝ ըստ որի, Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից և Արցախի՝ լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո հարցն այլևս դուրս է եկել Հայաստան–Ադրբեջան միջպետական բանակցային օրակարգից։
Հայտարարության մեջ շեշտվում է, որ Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը։
Նշվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն հղում է անում փաստաթղթի, որն Արցախի իրավական համակարգում երբևէ գոյություն չի ունեցել, այդ կերպ անտեսելով Արցախի անկախության հռչակագիրը, սահմանադրությունը և գործող օրենսդրությունը, ինչպես նաև Հայաստանի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունները՝ որպես անվտանգության երաշխավորի։
**«**Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:
Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ և այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին նրանց կողմից, իսկ պաշտպանության բանակի մեծ մասը հայտնվել էր շրջափակման մեջ, և կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արգելափակված ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով:
Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, նաև հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ այդ հրամանագիրը չի հրապարակվել նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում (arlexsis.am), ինչը ևս մեկ անգամ վկայում է դրա իրավական անվավերության մասին։
Բացի այդ, շտաբը հիշեցրել է, որ Երևան տեղափոխվելուց հետո նախագահ Սամվել Շահրամանյանը նույն հարթակում ստորագրել է հրամանագիր՝ անվավեր ճանաչելով 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը՝ հաշվի առնելով դրա հրապարակման բացակայությունը և այլ հանգամանքներ։
«Ելնելով այս պարզ իրողությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:
Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել: Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»,-ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։