Վերջերս Ֆրանսիան ջանքեր է գործադրել, որ 2 հեռուստաալիք ունենա Հայաստանի հանրային մուլտիպլեքսում, բայց մերժվել է։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումների ժամանակ հստակ հասկացրել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա լրատվամիջոցների ներկայությունը հանրային մուլտիպլեքսում, հայտնում է Sputnik Արմենիան։
Հակոբյանը հիշեցրել է, որ հավակնորդներից մեկը՝ Arte France հեռուստաալիքը, վերջերս հայտնվել է սկանդալի կենտրոնում այն դեպքի առնչությամբ, երբ մեկ ռեպորտաժում Հարավային Կովկասի քարտեզն առանց Հայաստանի է ներկայացվել։
Նրա խոսքով՝ թեև հեռուստաալիքը հետագայում հրապարակային ներողություն է խնդրել, այդուհանդերձ, դժվար է պատկերացնել այն հետևանքները, թե հանրային եթերում նման հաղորդում հեռարձակվելուց հետո ինչ հետևանքներ կլինեին:
«Կստացվեր, որ Հայաստանն ինքն իր մասին ապատեղեկատվություն է տարածում», - ընդգծել է Հակոբյանը։
Arte հեռուստաալիքի «28 րոպե» հաղորդաշարի ընթացքում ցուցադրված էր տարածաշրջանի քարտեզ, որտեղ Հայաստանը բացակայում էր։ Այս միջադեպը լայն արձագանք է գտել։ Ավելի ուշ հաղորդման հաղորդավար Էլիզաբեթ Քինը ներողություն է խնդրել՝ ընդգծելով, որ կատարվածը եղել է խմբագրական թիմի սխալ և չարամիտ միտում չի ունեցել։