«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ օրինագծի ընդունումը, ասել է, որ Եվրամիությանն անդամակցելու կեղծ պատրանքներով իշխանությունը պարզապես փորձում է գալիք ընտրություններում ձայներ գեներացնել ու գողանալ` միաժամանակ փորձելով խաբել նաև հենց ԵՄ-ին։ Այդ մասին նա ասել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ ՀՀ–ն կարող է եվրոպական չափանիշներով բանտ կառուցել, բայց ոչ ԵՄ անդամ դառնալ:
Մարուքյանի գնահատմամբ՝ եթե հանրությանը երբեմն հաջողվում է մոլորեցնել, ապա Եվրամիության հարցում իշխանությունների ջանքերը զուր են անցնում։ Նրա կարծիքով, դրա վառ ապացույցն է այն, որ մինչ այսօր ԵՄ բարձրաստիճան 3 պաշտոնյաներից (Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայեն, Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտա, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալաս) որևէ մեկը հայտարարությամբ հանդես չի եկել կամ չի ողջունել նման օրինագծի ընդունումը։
Նա ընդգծել է. «Պատկերացրեք՝ հետսովետական երկրներից մեկը, որ դեռ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, նման օրենք է ընդունում։ Դա մեծագույն քայլ է, և ԵՄ ղեկավարությունը պետք է ցնծար, պատվիրակություններ գային մեր երկիր, բայց իրենք գիտեն, որ սա ժուլիկության պրոցես է։ Նաև գիտեն, որ ՀՀ-ի համար անդամակցության դուռ չեն բացելու»։
Նա նշել է, որ ԵՄ-ն արդեն ունի Վրաստանի և Մոլդովայի օրինակները` շեշտելով, որ ՀՀ իշխանությունները ժողովրդին խաբել են ոչ միայն անդամակցելու սին հույսերով, այլև այդ անդամակցության կեղծ ակնկալիքներով։
Բոլոր հարցումների ընթացքում, երբ մարդիկ կողմ են արտահայտվում եվրաինտեգրմանը, գլխավորապես շեշտում են անվտանգության գործոնը։ Մինչդեռ, ըստ Մարուքյանի, ԵՄ-ն անվտանգություն սպառող է, ոչ թե տրամադրող, և մինչև հիմա սպառում էր ԱՄՆ–ի տրամադրած անվտանգությունը։
«Բայց հիմա Թրամփն ասում է, որ փակում է այս հովանոցը, եթե չեք ցանկանում ՆԱՏՕ-ի անդամակցության համար ՀՆԱ-ի 5 տոկոսը վճարել»,–նշել է նա։
Մարուքյանը համոզված է, որ Հայաստանը կարող է ընդամենը իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումներ, սակայն լիարժեք անդամակցություն ակնկալել չի կարելի։ Նա շեշտել է՝ «կարող է եվրոպական չափանիշներով բանտ կառուցել, պանիր արտադրել, բայց ոչ դառնալ անդամ»։
Նրա գնահատմամբ, անորոշ է ոչ միայն Հայաստանի անդամակցության հավանականությունը, այլ նաև հենց ԵՄ ապագան։
Վերլուծելով աշխարհաքաղաքական դիրքը՝ նա հորդորել է ավելի իրատեսորեն դիտարկել իրավիճակը՝ հաշվի առնելով Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանի հանգամանքը։ Վերջինս, ըստ նրա, արդեն դադարեցրել է ինտեգրման ընթացքը, ինչը հայկական իշխանությունների նախաձեռնությունները դարձնում է անիրատեսական։
Մարուքյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ միակ արժանահավատ փաստաթուղթը շարունակում է մնալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակում է ճանապարհ կամ «Զանգեզուրի միջանցք» ուզել և հղում է անում նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Սակայն հենց այդ փաստաթղթին հղում անելով և Ադրբեջանի չկատարած պարտավորությունները մատնանշելով՝ կարելի է չեզոքացնել այդ հարցը։
Նա նշել է. «Ռուսաստանի միջնորդությամբ պետք է փակվի այս թեման։ Պատկերացնենք՝ գնացել ենք ես, Վլադիմիր Պուտինն ու Ալիևը հանդիպման։ Ես հարց եմ բարձրացնում՝ այս մյուս կետերը պատրա՞ստ է Ադրբեջանը կատարել, 150 հազար հայերը կարո՞ղ են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ՌԴ-ն պատրա՞ստ է մի քանի հազար խաղաղապահ մտցնել, որ մարդիկ գնան ու ապրեն։ Եթե իրողություններ են փոխվել, մյուս կետերն անիրագործելի են, այս փաստաթուղթը եկեք երեքով հայտարարենք առ ոչինչ, մեր հարգարժան գործընկերն այլևս իրավունք չունի պահանջել, որ մենք ինչ-որ պարտք ունենք, ընդհակառակը` մենք 150 հազար փախստական ունենք, և դուք ունեք պարտք»։
Նա վստահ է՝ գործող իշխանությունը չի պատրաստվում վերադառնալ այս քննարկմանը, ինչի համար անհրաժեշտ է իշխանափոխություն, հակառակ դեպքում նոր էսկալացիաներ են անխուսափելի։
Մարուքյանը անդրադարձել է նաև Սյունիքում վերջին շրջանում արձանագրված կրակոցներին՝ մատնանշելով ԵՄ դիտորդների արձանագրությունները, որոնք, ըստ նրա, ոչ մի արձագանք չեն ստանում Բրյուսելից։ Նրա խոսքով՝ «ԵՄ դիտորդական առաքելությունն ամեն գիշեր արձանագրում է կրակոցներն ու ուղարկում Բրյուսել, որտեղից «ձեն-ձուն չկա, մինչդեռ 27 անդամ պետություն տեղյակ է, որ մեզ վրա կրակում են»։
Նրա համար անհասկանալի է նաև, թե ինչու է հայկական կողմը թաքցնում կամ չի հրապարակում կրակոցների բնույթը՝ չընդգծելով դրանց ագրեսիվ բնույթը, ինչը, ըստ նրա, Ադրբեջանին հնարավորություն է տվել շարունակել իր ակտիվությունը։
Մարուքյանը քննադատել է ՀՀ իշխանության դիրքորոշումը՝ նշելով, որ «առանց միջնորդների» բանակցային մոտեցումը չի բերել արդյունքի։ Նա ասել է, որ սկզբում Հայաստանը հրաժարվել է ռուսական, ապա ամերիկյան, իսկ հետո՝ եվրոպական միջնորդությունից՝ հայտնվելով անպաշտպան՝ Թուրքիայի և Ադրբեջանի դիմաց։
Նա ընդգծել է. «Դրանից հետո գնացել ենք Նյու Յորք, Էրդողանին հանդիպել, խնդրել միջնորդել, հիմա մեր միջնորդն Ադրբեջանին հովանավոր պետությունն է, և մենք այս իրավիճակում խաղաղություն ենք ուզում»։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Մարուքյանը այն որակել է հակապետական ու հակասահմանադրական՝ նախկինում բարձրաձայնելով անթույլատրելի զիջումների մասին, որոնք հայկական կողմը պատրաստ է եղել կատարել։
Նրա համոզմամբ, Ադրբեջանը քայլ առ քայլ զիջումներ է կորզում Հայաստանից, և այս պայմանագրով հասել է հերթականին՝ միաժամանակ առաջ մղելով նոր պահանջներ, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, ապառազմականացումը և այլն։
Նա հիշեցրել է իր նախկին հայտարարությունները՝ ասելով. «Երբ Տավուշում ասում էին՝ դելիմիտացիա ենք անում, ես գոռում էի, որ այստեղ չկա դելիմիտացիա, ասում էի՝ կանոնակարգը հաստատված չէ, ոնց կարելի է առանց դրա, սա 4 գյուղերը մեր ձեռքերից վերցնելու պրոցես է, հետո որ պահը եկավ, ասում են՝ շարունակենք դելիմիտացիան, հաջող, տղերք ջան, հետո կասենք, թե որտեղ և ինչ ունեք տալու»։
2024 թվականի ապրիլի 19-ին սահմանազատման հարցերով ՀՀ և Ադրբեջանի համատեղ հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել գործընթացը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվել է, որ տվյալ հատվածների սահմանագծման աշխատանքները կընթանան տեղանքի վրա իրականացված գեոդեզիական չափումներով կազմված կոորդինատների հիման վրա և պետք է ավարտվեն մինչև մայիսի 15-ը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարության համաձայն՝ արդյունքում Ադրբեջանին է փոխանցվելու մոտավորապես 2.5 գյուղ, մինչդեռ ՀՀ-ն ակնկալում է անվտանգության ռիսկերի նվազում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի տարածքում զինված ուժերը պետք է դուրս բերվեն, իսկ նրանց տեղը՝ զբաղեցնեն սահմանապահները։ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ մայիսի 24-ին ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբերի 1.9 կմ, Ոսկեպարի և Բաղանիսի 4.9 կմ հատվածների պահպանությունը պաշտոնապես հանձնվել է ՀՀ սահմանապահ զորքերին։