«Արդարություն և ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ լուրջ կասկածներ կան, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հսկման սարքում գաղտնալսող միջոց է տեղադրված։
«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ Արմեն Աշոտյանի կալանքը հսկող սարքի մեջ տեղադրված է գաղտնալսող միջոց»,– ասել է նա Աշոտյանի դատական նիստից առաջ, հայտնում է Aravot.am-ը։
Նրա խոսքով՝ այս պնդումը հավասարազոր է հանցագործության մասին հայտարարության։
«Ինչո՞ւ եք լռում, թե՞ 24 ժամ պիտի մարդու անձնական կյանքը վերահսկեք, նրա ընտանիքի անդամների անձնական կյանքը պիտի վերահսկեք։ Լավ, քաղաքական հետապնդումն էլ այսքան այլասերված կարո՞ղ է լինել։ Անկախ փորձաքննություն պիտի լինի դա պարզելու համար՝ չնայած ավելի քան վստահ եմ, որ այդ սարքը տեղադրված է»,–ասել է նա։
Զոհրաբյանն ընդգծել է, որ նման փորձաքննությունը պետք է իրականացվի բաց և թափանցիկ պայմաններում՝ տեսանկարահանմամբ։
«Անգամ դատարանի որոշման մեջ նման բան չկա։ Նիկոլը ՀՀ-ն վերածել է թվային կոնցլագերի․ բոլորիս անձնական կյանքը մանրադիտակի տակ է։ Ըստ էության՝ սա քաղաքական դաբլ հետապնդում է Արմեն Աշոտյանի հանդեպ, քանի որ նրա կյանքը ուղղակի մանրադիտակի տակ է»,– հավելել է նա։
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես կգնահատի Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ դադարեցնել արցախցիներին տրամադրվող օգնությունը։
«Անբարոյականությունը հասել է այնտեղ, որ 2 միլիարդ դրամ Սնուպ Դոգի համերգին մսխած և պետբյուջե չվերադարձրած կառավարությունն արցախցիներին բազար է առաջարկում․ ասում է՝ դուք Ազատության հրապարակում տեղադրված վրանը հանեք, մենք մի ամիս ձեզ այդ աջակցությունը կտանք։ Պատկերացնո՞ւմ եք՝ այս իշխանության գործուն ջանքերով Ալիևի հետ համագործակցաբար տեղի է ունեցել Արցախի էթնիկ զտում, Նիկոլ չընտրած արցախցիները Նիկոլի մեղավորությամբ հայտնվել են փողոցում, նրանց ընդամենը 0․2 տոկոսն ունի բնակարան, մարդիկ համատարած հայտնվելու են փողոցում։
Սրանք ասում են՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, կամ վրանը հանեք, մեկ ամիս 40+10-ը կտանք ձեզ։ Սեփական ժողովրդի հանդեպ նման հեգնանք չկա։ Պետական մակարդակով արցախցիների հանդեպ տեռոր է կազմակերպվում։ Պաշտոնական թիվ կա, որ 11,200 արցախցի անվերադարձ լքել է Հայաստանը։ Տարբեր ոչնչություններ ասում են՝ լավ են արել․ գնացեք, ձեզնից պրծնենք։ Լավ, դուք գետինը չեք մտնո՞ւմ՝ այսպիսի տեռոր կազմակերպելով անօգնական մարդկանց հանդեպ, ոչ իրենց մեղքով փողոցում հայտնված մարդկանց հանդեպ։
ԱԳՆ-ն տարածել է մի խայտառակ հայտարարություն։ Ուսումնասիրել եմ համաշխարհային պատմությունը․ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարբեր երկրների կոլաբորանտներն այսքան չեն ատել սեփական ժողովրդին, ինչպես այս իշխանությունը»,–ասել է Զոհրաբյանը։
Աշոտյանը տնային կալանքի տակ է։