Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարի ՄԻԵԴ-ի որոշումները: Նա այդ մասին ասել է «Դեպի նոր համաշխարհային կարգ» խորագրով միջազգային ֆորումում։
Նա հավելել է, որ որոշումը կապված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցման հետ, հայտնում է Haqqin.az-ը։
«Եթե պատվիրակությունը չի մասնակցում Վեհաժողովի նիստերին և չի կարող քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ՄԻԵԴ, դատավորների ընտրության ժամանակ, ապա այդ դատարանի՝ Ադրբեջանի վերաբերյալ որոշումները կհամարվեն անվավեր։ Մեզ զրկել են քվեարկելու իրավունքից։ Մենք չենք քվեարկել այդ դատավորների օգտին և չգիտենք՝ ովքեր են նրանք»,–նշել է Ալիևը։
2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն հրաժարվել է վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Համապատասխան բանաձևի օգտին քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 76, չորսը՝ ձեռնպահ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նրանց՝ 76 պատգամավորների մուտքը երկիր արգելվում է։