Հայաստանում 115,102 մարդ ունի 070 կոդով ՀՀ քաղաքացու անձնագիր ու ձեռք է բերել փախստականի ԺՊ վկայական։ Այդ տվյալները հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Ավելի վաղ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ։
Նույն վարչությունից ավելի վաղ հայտնել էին, որ «28 03 2025թ-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 8437 անձ, որից ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 7402 անձի»։
«Փաստինֆոն» փորձել է պարզել՝ եթե բռնի տեղահանվածների թիվը կազմում է 115,365, իսկ ՀՀ քաղաքացիություն արդեն ստացել է 7402 անձ, ապա ինչպես է ներկայումս 115,102 մարդ դեռ շարունակում համարվել ԺՊ վկայական ունեցող։ Այս առնչությամբ լրատվամիջոցը կրկին դիմել է միգրացիայի և քաղաքացիության վարչություն՝ նաև հարց տալով, թե ընդհանրապես քանի մարդ ունի 070 կոդով անձնագիր։ Քանի որ արցախցիների մի մասն արդեն տեղափոխվել էր Հայաստան մինչև 2023 թվականի ռազմական գործողությունները՝ ներառյալ 2020 թվականի պատերազմը։
Պատասխանելով հարցմանը՝ վարչությունից հաստատել են՝ 070 կոդով անձնագիր ունեցող անձանց թիվը ներկայումս 115,102 է։
«Ոչ բոլոր բռնի տեղահանվածներն են հանդիսացել ԺՊ վկայական ստացած անձինք և հակառակը ոչ բոլոր ԺՊ վկայական ստացածներն են բռնի տեղահանված։ Ուստի թվերը համեմատել չի կարելի»,- պարզաբանել են միգրացիայի ծառայությունից։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։