10 ապրիլի 2025 - 15:37 AMT
Apple-ը վերականգնել է աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը

Ամերիկյան Apple ընկերությունը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ կապիտալիզացիայի 15 տոկոսանոց աճից հետո, որն արձանագրվել է ամերիկյան բաժնետոմսերի համընդհանուր վերելքի պայմաններում, վկայում են բորսայական տվյալները։

Ապրիլի 9–ի սակարկությունների արդյունքում Apple-ի բաժնետոմսերը թանկացել են 15.3 տոկոսով, ինչի շնորհիվ ընկերության կապիտալիզացիան աճել է՝ հասնելով 2.99 տրիլիոն դոլարի՝ նախորդ օրվա 2.59 տրիլիոնի փոխարեն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Microsoft-ը, որը ընդամենը մեկ օր էր գլխավորում վարկանիշային ցանկը, նահանջել է երկրորդ տեղ՝ կապիտալիզացիան հասնելով 2.9 տրիլիոն դոլարի, չնայած բաժնետոմսերի 10.1 տոկոսանոց աճին։ Նախորդ օրը Microsoft-ի շուկայական արժեքը կազմել էր 2.64 տրիլիոն դոլար։

Մեկ օր առաջ Apple-ը զիջել էր առաջատարի դիրքը Microsoft-ին՝ կապիտալիզացիան 22 տոկոսով պակաս էր մարտ ամսվա վերջին գրանցված 3.34 տրիլիոն դոլարից։ Ներկայումս ամսվա սկզբից դիտվող ընդհանուր անկումը կազմում է արդեն 10.5 տոկոս։

Նախորդ շաբաթից սկսած՝ բորսաներում նկատվել էր ակտիվների վաճառք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «հակադարձ» մաքսատուրքերի ներդրման մասին՝ մի շարք երկրների ներմուծման վրա։ Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել։ Շուկաները մտահոգվել էին, որ առևտրային պատերազմը կարող է բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության և առևտրի վրա, ինչն էլ դրդել էր ներդրողներին՝ խուսափել ռիսկային ակտիվներից։

Սակայն չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անմիջապես դադարեցնում է նման մաքսատուրքերի կիրառումը 75-ից ավել երկրների նկատմամբ՝ 90 օրով։ Արդյունքում ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսները կտրուկ աճել էին, ներառյալ տեխնոլոգիական ընկերությունների Nasdaq Composite ինդեքսը, որը ավելացել է 12.16 տոկոսով։