ԵԱՀԿ ԽՎ նախագահն առաջիկայում կայցելի տարածաշրջան

ԵԱՀԿ ԽՎ նախագահն առաջիկայում կայցելի տարածաշրջան

PanARMENIAN.Net - Առաջիկայում նախատեսված է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի այցը տարածաշրջան: Այդ մասին նա ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հիմնահարցերին։

Արշակյանը շեշտել է, որ թեև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները մոտենում են ավարտին, Ադրբեջանը շարունակում է առաջադրել լրացուցիչ նախապայմաններ։ Դրանց թվում նա առանձնացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և նրա գործունեության դադարեցման պահանջները՝ փաստելով, որ Բաքուն արհեստական հիմնավորումներ է գտնում գործընթացը ձգձգելու համար։ Նա ընդգծել է, որ նման պահվածքը հարցականի տակ է դնում Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագրի կնքման իրական ցանկությունը։

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ նշելով, որ տարածաշրջանային տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարևոր նախադրյալ է խաղաղության հաստատման համար։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման իր հերթին վերահաստատել է աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և խաղաղության ապահովմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկխոսության ու համագործակցության շարունակման իրենց հանձնառությունը՝ հատկապես կարևորելով Հարավային Կովկասում անվտանգության, ենթակառուցվածքների ապաշրջափակման և հարակից խնդիրների լուծման հարցերը։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---