Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը պանելային քննարկման ժամանակ հայտնել է, որ խոշտանգումների կանխարգելման անկախ որևէ մարմին ամբողջ այս ընթացքում չի կարողացել մուտք գործել Բաքվում պահվող հայ գերիների մոտ՝ նրանց պահման պայմանները, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեբանական վիճակն օբյեկտիվորեն արձանագրելու նպատակով։
Նա ընդգծել է, որ միակ կառույցը, որի առաքելությունն արդեն հայտնվել է սպառնալիքի ներքո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է, հայտնել է Panorama.am-ը։
Ըստ Սահակյանի՝ կոմիտեի աշխատակիցները գերիներին այցելություն են կատարել վեց շաբաթը մեկ, սակայն այդ պարբերականությունը հաճախ խախտվել է՝ տոնական օրերի կամ միջոցառումների կազմակերպման պատճառով։
«Ադրբեջանը մշտապես օգտագործում է այդ գործոններն ու հետաձգում պլանավորված այցելութունները։ Կոմիտեի ներկայացուցիչներն արձանագրում են պայմանները, սակայն գրանցված խնդիրները հրապարակայնացման ենթակա չեն, միայն հատվածական տեղեկություն է, որ կարող է հասանելի լինեն ընտանիքի անդամներին։ Արձանագրված խնդիրները կոնֆիդենցալ ձևով փոխանցում են Ադրբեջանի իշխանություններին՝ ակնկալիքով, որ դրանք լուծում կստանան։ Այս առումով մեզ համար նկատելի տեղաշարժեր չկան, ավելին, ինչ վերաբերում է ֆիզիկական, հոգեբանական բռնություններին, հայերի արժանապատվությունը վիրավորող, ստորացնող գործելակերպին, ավելին որոշ զարգացումների ֆոնին կարող ենք տեսնել այդ դրսևորումների խստացում»,-նշել է իրավապաշտպանը։
Նա հավելել է, որ ադրբեջանական բանտերում հայ գերիները պահվում են անպատշաճ պայմաններում և ենթարկվել են այնպիսի ճնշումների, որոնք իրենց ինտենսիվությամբ ու պատճառած ցավով համարժեք են խոշտանգումների։
Իրավապաշտպանը շեշտել է, որ անկախ որևէ միջազգային իրավաբան նույնպես չի ստացել հնարավորություն՝ հանդիպելու Բաքվում պահվող հայերին։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։