10 ապրիլի 2025 - 16:41 AMT
Երևանն ու Նեապոլը բարեկամության և գործակցության համաձայնագիր կստորագրեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին, ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության։ Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի կնքումը և տեղեկացրել, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում:

Առաջիկայում նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Ալեսսանդրո Ֆերանտին առանձնակի կարևորել է երկու երկրների միջև առկա զբոսաշրջային ներուժն ու նշել, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի համատեղ նոր նախագծերի իրականացման հարցում։