Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ–ում․ Ալիևն ասել է, որ իր երկիրը չի կատարելու ՄԻԵԴ վճիռները՝ սա ընդունելի՞ է մեզ համար

Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ–ում․ Ալիևն ասել է, որ իր երկիրը չի կատարելու ՄԻԵԴ վճիռները՝ սա ընդունելի՞ է մեզ համար

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այս օրերին Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի նիստերին։ Այդ նիստի ընթացքում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում նշել է, որ ՄԻԵԴ վճիռների 21 %-ը չի կատարվել անդամ պետությունների կողմից ՝ հավելելով, որ դա լուրջ խնդիր է։

Նա խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին, որ այդ երկիրը չի կատարելու ՄԻԵԴ վճիռները։

Մեր անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը չի ենթարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ ԵԽԽՎ իր պատվիրակության լիազորությունների կասեցման պատճառով: Սա ընդունելի՞ է մեզ համար:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անդրադարձել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարևորությանը, ինչը մեր կազմակերպության առջև ծառացած էական խնդիրներից է: Մինչ այժմ Եվրոպական դատարանը կայացրել է ավելի քան 33,000 վճիռ: Այնուամենայնիվ, 2025 թվականի փետրվարի դրությամբ դատարանի ավելի քան 6800 վճիռ կատարված չէ և դեռ գտնվում է Նախարարների կոմիտեի հսկողության ներքո: Սա նշանակում է, որ դատարանի վճիռների 21 տոկոսը չի կատարվել անդամ երկրների կողմից, և սա լուրջ խնդիր է:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ չկատարված վճիռներից մոտ 1150-ը դասվել են հատուկ հսկողության տակ գտնվող գործերի շարքին, որոնք պահանջում են ընդհանուր միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների խախտումների կրկնությունը:

Միջանկյալ միջոցների կատարումը նույնպես կարևոր նշանակություն ունի. այն դատարանի կողմից կայացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ առկա է անդառնալի վնասի անմիջական վտանգ, օրինակ, երբ անձի կյանքին վտանգ է սպառնում: Սա նշանակում է, որ միջանկյալ միջոցների կատարումն ավելի կարևոր է: Այդուհանդերձ, չնայած դրան, Նախարարների կոմիտեն այս առումով չունի բավարար լիազորություններ»,–ասել է նա։

Ջուլհակյանն ասել է, որ չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը: Ահա թե ինչու մենք պետք է վերահաստատենք դատարանի վճիռների պարտադիր բնույթը, էլ ավելի ամրապնդենք վճիռների կատարումը՝ ընդլայնելով մեր տրամադրության տակ եղած միջոցները՝ չկատարման դեպքերում:

«Չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի, նկատի ունեմ այս խորհրդի համար, քանի որ դա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ գործողություններ ձեռնարկեր՝ կա՛մ վճիռների կատարումը հարկադրելու նոր մեխանիզմներ ներդնելու, կա՛մ պատժամիջոցների մասին մտածելու այն անդամ երկրների նկատմամբ, որոնք զրոյական ջանք են գործադրում անդամակցության պայմաններին, այս դեպքում՝ մարդու իրավունքների հարգմանը համապատասխանելու համար»,–ասել է պատգամավորը:

 Ուշագրավ
---