11 ապրիլի 2025 - 11:30 AMT
Աղազարյանին ապօրինի վարձատրելու վերաբերյալ քրգործի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին: Քրգործի նյութերն ուղարկվել են դատարան։

Խոսքը, հավանաբար, «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանի մասին է։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200,000-300,000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150,000-200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200,000 դոլար, որից 100,000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20,000 դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20,000 դոլար գումարը ստանալուց»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԺ անդամին ապօրինի վարձատրություն առաջարկելու և այդ գործողությանը օժանդակելու համար նշված երկու անձինք մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Քննությունը ավարտված է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է դատախազի կողմից, և գործն ուղարկվել է դատարան՝ քննության։