Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է:
Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Անա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին՝ հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
Ուրուգվայցի խորհրդարանականներն իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, ուրուգվայահայ համայնքին, ողջունել նիստին ներկա ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և բարձր գնահատել դեսպանության գործունեությունը:
2024-ի դեկտեմբերի 27–ին Ուրուգվայի խորհրդարանը հրատապ կարգով և միաձայն ընդունել է հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին՝ դրանով իսկ ամրապնդելով երկու կողմերի միջև վստահությունը հաշտեցման այս պատմական պահին։