Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին, ասել է, որ հստակ ճանապարհ են որդեգրել՝ ՀՀ-ն ժողովրդավար, ազատ անկախ, թափանցիկ ընտրություններով իշխանություն ձևավորող երկիր է դառնալու։
«Անկախ նրանից՝ ընտրություններում քանի տոկոս ձայն ենք հավաքելու, այդ ճանապարհից չենք շեղվելու»,–ասել է նա, հայտնում է Radar.am-ը։
«Նախ, պետք է արձանագրել, որ ամենաբարձր տոկոսը հավաքած թեկնածուն Սարիկ Մինասյանն էր։ Կրկնակի ավել ձայն է հավաքել երկրորդ տեղի համեմատ։
Երբ պառլամենտական երկրում ընդհանուր տենդենցը նայում ենք, հաճախ ենք դա տեսնելու տարբեր ընտրությունների ժամանակ։ Բնական է, որ պառլամենտական երկրում ոչ մի ուժ միանձնյա 50 և ավել տոկոս չի հավաքում»,–ասել է նա։
Քաղաքապետը նաև ասել է, որ Երևանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ էին շատ խոսում վարչական ռեսուրսների կիրառման մասին, սակայն երբ տեղի ունեցան ընտրությունները, «փաստերով տեսանք, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»։
Մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններում Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։
Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։