Անթալիայի ֆորումին մասնակցում են Միրզոյանը, Կոստանյանն ու Ռուբինյանը

Անթալիայի ֆորումին մասնակցում են Միրզոյանը, Կոստանյանն ու Ռուբինյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Վահան Կոստանյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մեկնել են Թուրքիա՝ Անթալիայի դիվանագիտական միջոցառմանը մասնակցելու նպատակով, գրում է «Ազատությունը»։

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն արդեն հանդիպում է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Այշե Էքինջիի հետ՝ այդ մասին հայտնելով X –ի իր միկրոբլոգում։

Նա կարևոր է համարել հանդիպումը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու տեսակետից»։

Ֆորումի շրջանակում Արարատ Միրզոյանը մասնակցելու է պանելային քննարկման՝ Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Թեման լինելու է «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ»։

Ռուբեն Ռուբինյանը, որը ևս մասնակցում է ֆորումին, հանդես է գալիս նաև որպես Հայաստանի բանագնաց հայ-թուրքական կարգավորման գործընթացում, սակայն, առայժմ պարզ չէ՝ նախատեսվո՞ւմ է նրա հանդիպումը թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի հետ, թե ոչ։

Անթալիայում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով արդեն հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

ՀՀ–ն երրորդ անգամ է մասնակցում Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

 Ուշագրավ
---