11 ապրիլի 2025 - 14:47 AMT
Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում. Պետք է ստեղծել ձևաչափ հավասարների միջև՝ անկախ ԵՄ անդամության կարգավիճակից

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրոպայի խորհրդի և եվրոպական քաղաքական համայնքի միջև փոխկապակցվածությունը» թեմայով քննարկման ժամանակ ունեցած ելույթում նշել է, որ ճիշտ ժամանակն է՝ քննարկելու ոչ միայն ժողովրդավարության վրա եղած ճնշումները, այլև հաստատությունների ունակությունը՝ ձևավորելու իրական արդյունքներ արագ փոփոխվող և հակամարտությունների հակված աշխարհում։

Նա նշել է, որ պետք է ստեղծել ժամանակին համահունչ ձևաչափ հավասարների միջև՝ անկախ ԵՄ անդամության կարգավիճակից:

Նրա խոսքով՝ եվրոպական քաղաքական համայնքի գործունեության մեկնարկից ի վեր համաշխարհային իրավիճակը դարձել է առավել լարված և բևեռացված։

«Եվրոպական քաղաքական համայնքի գործարկումից ի վեր գլոբալ իրավիճակը դարձել է ավելի լարված և բեւեռացված: Կայուն խաղաղության և մեծացող բարեկեցության փոխարեն մենք ականատես ենք լինում ռիսկերի, բախումների և աշխարհաքաղաքական ցնցումների բազմապատկման: Աշխարհն ավելի խաղաղ չէ, և շատ վայրերում նույնիսկ բարեկամությունն է քաղաքականապես բարդացել։

Քաղաքացիներն իրավացի են, երբ ակնկալում են ոչ միայն կառույցներ, այլև բովանդակություն: Եվ խնդիրը ոչ թե այդ կառույցների բացակայությունն է, այլ այն, որ դրանք այլևս չեն ձևավորում դրական արդյունքներ»,–ասել է նա։

Արմեն Գևորգյանը նշել է չորս առանցքային ակնկալիք՝ Եվրոպայի խորհրդի և եվրոպական քաղաքական համայնքի համագործակցությունից։

Առաջինը, նրա պնդմամբ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի պահպանումն է, որի քայքայման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի։

«Եվրոպայի խորհրդի ամենաթանկ ձեռքբերումն է մարդու իրավունքների պաշտպանության համաեվրոպական կոնվենցիոնալ համակարգը: Այս համակարգի սկսված քայքայումը պետք է կանգնեցվի, իսկ դրա պահպանումը դառնա ռազմավարական առաքելություն։

Երկրորդ, էական է, որ այս համագործակցությունը նպաստի մայրցամաքում աճող ավտորիտար միտումների հակադարձմանը: Ընտրությունը հստակ է` կա՛մ դառնալ սկզբունքային և վճռական հարթակ այս միտմանը դիմակայելու հարցում, կա՛մ շարունակել ցավալի փոխզիջումները, որոնք միայն թուլացնում են ժողովրդավարական աշխարհը»։

Երրորդ՝ այս համագործակցությունն առաջարկում է անկեղծ երկխոսության եզակի և ժամանակին համահունչ ձևաչափ հավասարների միջև՝ անկախ ԵՄ անդամակցության կարգավիճակից: Այս ընդգրկուն միջավայրը հնարավորություն է տալիս իմաստալից մասնակցության և փոխադարձ ճանաչման համար: Նման երկխոսությունը կարող է ԵՄ անդամակցության թեկնածուներին մոտեցնել իրենց նպատակին, իսկ մյուսների համար խթանել եվրոպական երազանքի ավելի իրատեսական պատկերացումը՝ համագործակցության, համերաշխության եւ ընդհանուր արժեքների հիման վրա:

Չորրորդ, ցանկացած համագործակցության առանցքում պետք է լինի խաղաղությունը: Աշխարհում, որտեղ խաղաղության պակաս կա, այն պետք է վերականգնվի դիվանագիտության, իրավունքի գերակայության, վստահության և պատասխանատու առաջնորդության միջոցով: Մեր տարածաշրջանների դեպքում, որտեղ առկա է բախումների վերսկսման վտանգ, խաղաղությունը պետք է կառուցվի նաև աշխարհաքաղաքական կայունության, հարևանների հետ արժանապատիվ երկխոսության, շահավետ տարածաշրջանային համագործակցության, և, ամենակարևորը, աշխատող միջազգային երաշխիքների ևվստահելի ազգային անվտանգության մեխանիզմների հիման վրա»,–ասել է նա։