11 ապրիլի 2025 - 15:27 AMT
Երևանը կհյուրընկալի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։Կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

Աշխարհի առաջնությունը կկայանա Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում:

Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մարզական ստուգատեսի մանրամասներին են անդրադարձել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջոցառմանը նվիրված ասուլիսում նշել է Հայաստանի հավաքականի՝ աշխարհի առաջնությանը մասնակցության կարևորությունը, հատկապես՝ 15 տարվա դադարից հետո։

«Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ մեր դպրոցում սովորում է մոտ 80 սան, նրանց մարզում են ճանաչված մարզիչներ:

Զարգանում են նաև այս մարզաձևի ենթակառուցվածքները. Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մեր մարզադպրոցում մենք վերջերս նաև նախարարության առաջարկով որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի համապատասխանեցնենք այս մրցաշարին:

Ընդհանուր առմամբ ենթակառուցվածքային այն փոփոխությունները, որոնք արվում են վերջին երեք տարիներին տարբեր մարզաձևերի համար, ստեղծում են հարմարավետ պայմաններ՝ առողջ ապրելակերպի, մարզվելու ու մարզաձևերի զարգացման համար»,–ասել է նա։

Ասուլիսին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը: