ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ Երևանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը՝ նպաստելու հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Նա հավելել է, որ վրացական կողմն արդեն մի քանի անգամ հանդես է եկել փոխհամագործակցային հնարավորություններ որոնելու միտված նախաձեռնություններով, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ պետք է անցում կատարել վստահության ձևավորմանն ուղղված փոքր քայլերին և հավելել, որ իրենք պատրաստ են նման քայլերի։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում Վրաստանի գործընկերները մի շարք նման առաջարկներով դիմել են Բաքվին, որոնց Ադրբեջանն արձագանքել է դրական և այժմ սպասում է հայկական կողմի դիրքորոշմանը։
«Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ»,- ասել է Բադալյանը։
Միաժամանակ, ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ եթե առանձին նախաձեռնությունների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա հասարակությունը անպայման այդ մասին կտեղեկացվի։
Մարտի 13-ին հայտարարվել է՝ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ վերջնական համաձայնության գալով վերջին երկու դրույթների շուրջ, որոնք առնչվում են սահմանային գոտիներից երրորդ կողմերի (այդ թվում՝ Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության) դուրսբերմանը և միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն այն դեպքում, եթե բավարարվեն մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը (Բաքուն պահանջում է հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը)։