«ԳՈՅ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ և ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հայտնել է, որ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միջնորդությունը՝ «Գոյ» թատրոնին իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Նա այդ մասին գրել է ֆեսյբուքյան իր էջում։
«Գոյ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ Վերաքննիչ վարչական դատարանը հետ է վերադարձրել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, իսկ նույն որոշմամբ սահմանել է, որ կարճման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Սա նշանակում է՝ Գոյ թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում, և սա հստակ հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին։
Սունդուկյան թատրոնը փորձեց ճանաչվել «Գոյի» իրավահաջորդը՝ այսինքն՝ մեզ փոխարինել։ Բայց դատարանն ասաց՝ ոչ։ Սա հստակ ասված «ոչ» է պետական այն մեխանիզմներին, որոնք փորձում են մշակույթը դարձնել փոխարինելի, վերացվող, առանց հիշողության»,–ասվում է գրառման մեջ։
Նրա խոսքով՝ դատարանի որոշումը միանշանակ արձագանք է այն մոտեցմանը, թե «մենք ենք ստեղծել, մենք էլ փակել ենք»։
«Սա հաղթանակ է ոչ միայն «Գոյ» թատրոնի, այլ նաև ամբողջ մշակութային համայնքի համար։ Ոչ մի կառուցվածք, ոչ մի շենք, ոչ մի բյուջե չի կարող լինել ստեղծված, ապրած, պայքարած արվեստի իրավահաջորդը։ «Գոյը» ո՛չ փոխանցվում է, ո՛չ էլ ժառանգվում։
Սա ոչ միայն իրավական հաղթանակ է։ Սա փաստարկ է մեր գոյության, մեր անցած ճանապարհի, մեր մաքառումների ու մերժումների մեջ ապրած արժանապատվության համար։ Սա որոշում է, որ ասում է՝ «Ձեր ստեղծածը ուրիշ ոչ ոք չի կարող իրեն վերագրել։ Ոչ հիմա։ Ոչ երբեք»։ Այս որոշումը փաստում է՝ «Գոյ» թատրոնը իրավաբանական անձ է, ոչ թե բեմ, շենք կամ հաստիքների քանակ, Նրա ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որևէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի»,–ասվում է գրառման մեջ։ Նրա ընդգծմամբ՝ սա նախադեպային որոշում է, քանի որ պաշտպանում է ստեղծագործական ինքնությունը, մշակութային ժառանգության շարունակականությունը և քաղաքացիական դիմադրության արժեքը։
«Այո՛։ Սա ընդամենը մի միջնորդության մերժում է։ Բայց սա մի մեծ «ոչ» է այն պետական համակարգին, որն ուզում է մշակույթը տեսնել որպես լծակ՝ վերահսկման, լռեցման կամ հաշվեհարդարի։ Մենք՝ ոչ միայն «Գոյ» թատրոնի անունն ենք պաշտպանում, այլև պաշտպանում ենք գաղափարը, որ ոչ մի թատրոն չպետք է դառնա «փակվող» կամ «փոխարինվող» ոմանց կամայական կամքի։ Պայքարը, սակայն, ավարտված չէ։ Դեռևս առջևում է գործի բովանդակային քննությունը։ Բայց այս վճիռը հստակ հիմք է տալիս ասելու՝ «Գոյ» թատրոնը կա։ Եղել է։ Ու լինելու է։ Մնում է ասել՝ Մենք շարունակելու ենք»։
«Գոյը» դեմ է Սունդուկյանի անվան թատրոնին միանալու որոշմանը, որը կայացրել է ԿԳՄՍ նախարարությունը` որպես հիմք նշելով, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը, բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն: