11 ապրիլի 2025 - 18:25 AMT
Շվեյցարացի գործիչները ցանկանում են նպաստել արցախցիների վերադարձին Արցախ

Շվեյցարիայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանում հանդիպել են արցախցիներին։ Նրանք Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշել են, որ իրենց նպատակն է աջակցել արցախցիներին՝ վերադարձի գործընթացում:

«Շվեյցարիայում ՀՀ-ի և Արցախի մասին շատ չի խոսվում, բայց մենք խոսում ենք»,–ասել են նրանք, հայտնում է Aravot.am-ը։

Գործիչները հայտնել են, որ արդեն հանդիպել են նաև Բագրատ սրբազանին, իսկ այժմ եկել են տեսակցելու արցախցիներին ու լսելու նրանց պատմությունները։

Լրագրողների հետ զրույցում շվեյցարացիները վստահեցրել են, որ երբ այցելում են տարբեր վայրեր, իրենց հաճախ հարցնում են՝ ինչպիսի՞ն է արցախցիների վիճակը և ինչպե՞ս կարելի է օգնել։

«Մարդիկ այստեղ ստիպված են ապրել, դա մեր սրտին դիպել է։ Շվեյցարիայի կառավարությանը դիմում է ներկայացվել, որ կլոր սեղանի շուրջ հավաքվեն, որպեսզի քննարկեն արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը։ Իհարկե՝ մենք դեռ չգիտեք՝ այդ նախաձեռնությունից ինչ կստացվի։ Մենք կտեղեկացնենք այդ մասին։ Մենք ուզում ենք Հայաստանին օգնել»,–ասել են նրանք։

Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։

Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։