12 ապրիլի 2025 - 13:05 AMT
ԵԽԽՎ նախագահն Ալիևին բռնապետ է անվանել․ Բաքուն արգելել է նրա մուտքը երկիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն մերժելով և դատապարտելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ, նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցում Alpha News պարբերականին։

Ռուսոպուլոսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բռնապետ է անվանել։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն «հակաադրբեջանական» է անվանել նրա հայտարարությունները, և ասել, թե «ԵԽԽՎ-ն այս տարիների ընթացքում արժանացել է ադրբեջանական ժողովրդի արդար ատելությանը», հայտնում է Vesti.az-ը։

«Հայտնի է, որ Ռուսոպուլոսը, Շվաբեն և նմանատիպ այլ անձինք, չնայած այն բանին, որ ադրբեջանական կողմը բաց է եղել երկխոսության համար այն գործողություններից հետո, որոնք իրականացվել են Ադրբեջանի դեմ՝ խախտելով Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը և ԵԽԽՎ-ի կողմից լիազորությունների գերազանցմամբ, մշտապես փորձում են խեղաթյուրել մեր երկրի դիրքորոշումը, որը հիմնված է միջազգային իրավունքին և արդարությանը»,–ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունները, մասնավորապես նրան «դիկտատոր» անվանելը, անթույլատրելի են։

«Վիրավորել մեր պետության ղեկավարին, նրան «դիկտատոր» անվանել՝ ընդհանրապես որևէ սահմաններում չի տեղավորվում, սա քաղաքական անգիտություն է։ Վեհաժողովում առկա ներկայիս հիստերիան և այն ղեկավարող դիկտատոր Ռուսոպուլոսը ԵԽԽՎ-ում տիրող ողբալի իրավիճակի արտահայտություն են։ Նման իրավիճակ նկատվում է նաև Եվրոպական խորհրդարանում»,–ասել է նա։

Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ Հաջիզադեն նշել է, որ երկիրը չի մասնակցել ՄԻԵԴ դատավորների ընտրությանը, ուստի չի կատարելու դատարանի որոշումները։

Նա նշել է նաև, որ Թեոդորոս Ռուսոպուլոսի անունը, ինչպես նաև այն 76 ԵԽԽՎ անդամների, ովքեր աջակցել են Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման մասին նախաձեռնությանը, արդեն ներառվել է սև ցուցակում։ ԱԳՆ ներկայացուցիչը զգուշացրել է, որ Ռուսոպուլոսը կարտաքսվի, եթե փորձի մուտք գործել Ադրբեջան։

Ադրբեջանական պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ–ում կասեցված են։