12 ապրիլի 2025 - 16:03 AMT
Միրզոյան․ Հիմա մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունե՞նք, թե ոչ

Անթալիայում ընթացող պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները, Արարատ Միրզոյանն ասել է, որ այս պահին տեղում զինված հակամարտություն տեղի չունի, սակայն նշել է, որ կողմերի միջև դեռևս չի ստորագրվել խաղաղության մասին իրավական փաստաթուղթ։

«Հիմա մի շատ հետաքրիքր հարց կա, մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունե՞նք, թե՞ ոչ»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Միրզոյանը նաև արձագանքել է Ջեյհուն Բայրամովի հնչեցրած որոշ նախապայմաններին՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղը ներառված չէ Հայաստանի օրենսդրության մեջ որպես երկրի մաս։ Բացի դրանից, ըստ նրա, խաղաղության պայմանագրի նախագծում մի քանի անգամ հստակորեն նշվում է, որ կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Արարատ Միրզոյանը «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանն է միանալու Ադրբեջանի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ։