12 ապրիլի 2025 - 16:26 AMT
Միրզոյան. ՀՀ–ն պատրաստ է խաղաղ համաձայնագրի հետ միաժամանակ ստորագրել նաև ՄԽ-ի լուծարման որոշումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումում՝ Ադրբեջանի և Վրաստանի իր պաշտոնակիցների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ, հայտարարել է, որ Երևանը պատրաստ է մեկնարկելու քննարկումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու շուրջ։

Նա հավելել է, որ ՀՀ–ն պատրաստ է խաղաղ համաձայնագրի հետ միաժամանակ ստորագրել նաև ՄԽ-ի լուծարման որոշումը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մինչ այդ հերթական անգամ հիշեցրել էր Բաքվի դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի` լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ սահմանադրությունը։

«Մենք պետք է ստորագրենք համաձայնագիր, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ դնենք այս հակամարտությանը, ցանկության դեպքում նույն օրը լուծարենք ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե որ փաստաթուղթը պետք է լինի առաջինը: Եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, եկեք ստորագրենք ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը լուծարման մասին համատեղ հայտարարություն, եկեք ստեղծենք երկկողմ հանձնաժողով և սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը»,– նշել է Միրզոյանը։

ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել լուծարման հնարավորության մասին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ բաղկացած Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Վերջին տարիներին այդ ձևաչափի աշխատանքները փաստացի սառեցված են, սակայն իրավական տեսանկյունից՝ դեռ չեն դադարեցվել։