«Իրավական ուղի» և «Արցախի ժողովուրդների շահերի և իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունները մարտին դիմել են Հայաստանի ԱԳՆ–ին՝ առաջարկելով, որ Հայաստանը հյուպատոսական պաշտպանության իրավունքը Բաքվում պահվող հայ գերիների համար փոխանցի Շվեյցարիային ՝ որպես չեզոք երրորդ երկիր։ Այս մասին ասել է «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, հայտնում է ՍիվիլՆեթը։
Ըստ Սահակյանի՝ ԱԳՆ-ն իրենց տեղեկացրել է, որ դիմել-չդիմելու և երկրի ընտրության հարցը քննարկվում է։
Իրավապաշտպանը շեշտել է, որ գերիների ու պատանդների իրավական պաշտպանությունը դարձել է ավելի հրատապ այն պահից ի վեր, երբ Ադրբեջանը հայտարարել է, որ դադարեցնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը իր տարածքում։
ԿԽՄԿ-ն եղել է միակ միջազգային կառույցը, որ հնարավորություն է ունեցել այցելել Բաքվում պահվող հայ գերիներին և կապ հաստատել նրանց ու ընտանիքների միջև։ Կոմիտեն սկսել է գործել տարածաշրջանում 1992 թվականից՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի սկզբից, ունենալով ներկայացուցչություններ Բաքվում և Երևանում, ինչպես նաև գրասենյակ Ստեփանակերտում։
Սահակյանը նշել է, որ հարցը բազմիցս բարձրաձայնվել է տարբեր հանդիպումների ընթացքում, սակայն մինչ այս պահը հանրայնորեն չի ներկայացվել:
«Խնդրի արդիակաությունն այժմ փոփոխության է ենթարկվել, երբ որոշվեց դադարեցնել Կարմիր խաչի կոմիտեի գործունեությունը։ Բաքվում պահվող հայերին այդ ծառայության տրամադրման դադարեցումը անդառնալի հետևանքներ կունենա»։
Նա հավելել է, որ հյուպատոսական իրավունքի փոխանցումը նաև արդար դատաքննության իրավունքի ապահովմանն է առնչվում:
«Հյուպատոսական ծառայությունների շրջանակը լայն է։ Այն ներառում է պայմաններին ծանոթանալը, իրավունքների իրացվածության մասին տեղեկանալը, կարող է առնչվել բժշկական հարցերի»,-asel 1 na:
Իրավապաշտպանի խոսքով՝ այն երկիրը, որին կարող է վստահվել հյուպատոսական պաշտպանության գործառույթը, պետք է լինի չեզոք և ընդունելի թե Հայաստանի, թե Ադրբեջանի hama8։
Ինչ վերաբերում է Շվեյցարիայի ընտրությանը, ապա Սահակյանը բացատրել է. «Մեզ համար նշանակություն ուներ Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած փաստաթուղթը, համաձայն որի՝ Շվեյցարիան կարող է երկխոսության հարթակ ապահովել արցախցիների և ադրբեջանցիների միջև։ Սա կարևոր է նաև արցախցիների վերադարձի իրավունքի իրացման տեսանկյունից»։
2024-ի դեկտեմբերին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը՝ խորհրդարանի ստորին պալատը, հաստատել է Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում ստեղծելու նախագիծը, որը 2025-ի մարտի 18-ին հավանության է արժանացել նաև վերին պալատի կողմից։ Այս նախաձեռնությունը կոչ է անում Շվեյցարիայի կառավարությանը՝ ապահովել հատուկ երկխոսության հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։
1963-ի Վիեննայի հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիայի համաձայն՝ այն պետությունը, որը չունի դիվանագիտական ներկայացուցչություն որևէ երկրում, կարող է երրորդ երկրի միջոցով կազմակերպել իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը՝ համաձայնությամբ։ Այս մեխանիզմը կիրառվում է հատկապես այն դեպքերում, երբ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատված։ Այս պարագայում, երրորդ երկիրը հանդես է գալիս որպես «հետաքրքրությունների պաշտպան»՝ ժամանակավորապես կամ երկարաժամկետ։