Նուբարաշենի բանտում դիտորդներն արձանագրել են բռնություն, ջարդված մահճակալներ, փչացված գույք![]() 14 ապրիլի 2025 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Դիտորդների խումբը հետևյալ բողոքներն է արձանագրել Նուբարաշենի բանտում՝ բռնություն, դաժան ծեծ, կեղտոտ անկողիններ, ջարդված մահճակալներ, փչացված գույք։ Հրատապ զեկույցում տարածել են նաև բռնության հետևանքով կապտուկների, ջարդված գույքի, հակահիգիենիկ, անխնամ խցերի լուսանկարները: «Մենք ուժի կիրառում ենք տեսել՝ հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների ներգրավմամբ, որն ունի ակնհայտ դաժանության հետքեր, և դա պետք է հիմնավորվի ամեն մի դրվագով, որպեսզի դիտարկենք նաև ուժի կիրառման համաչափությունը», - ասել է դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, հայտնում է «Ազատությունը»։ Արդարադատության նախարարությունն, իր հերթին, հերքել է ուժի չարաշահման փաստը։ Դիտորդները բանտ են այցելել ցմահ դատապարտյալների ահազանգից հետո։ Ըստ նրանց՝ վերջիններս դիմել են իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին՝ հայտնելով, թե բանտի ղեկավարությունը ներս է բերել մոտ 40 հատուկ ջոկատային, որոնք առանց հիմնավորման հարձակվել են իրենց վրա, ենթարկել են ծեծի և կոտրել են խցերի գույքը։ Զարուհի Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ տեղի ունեցածն այնքան դաժան է եղել, որ անգամ բանտի մի աշխատակից իր մարմնով փորձել է պաշտպանել դատապարտյալներից մեկին։ «Այն անձինք, ովքեր ամենօրյա ռեժիմով կարողանում են իրականացնել ծառայություն, շփվում են ազատությունից զրկված անձանց հետ, փաստացիորեն փորձել են իրենց ծառայության շրջանակներում օգնել, փրկել, պահպանել այդ մարդկանց կյանքը, առողջությունը հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից», - նշել է Հովհաննիսյանը։ Դատապարտյալները դիտորդներին հայտնել են, որ մոտ մեկ շաբաթ առաջ զբոսանքի ժամին երգել են հայրենասիրական և օտար լեզվով երգեր։ Բանտի ղեկավարությունն այդ երգերը՝ մասնավորապես «դոլյա վառավսկայան»-ը, չի հավանել ու պահանջել է լռել։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ վիճակը լարվել է ոչ թե երգերի լեզվի պատճառով, այլ այն պատճառով, որ դատապարտյալներից մեկը խախտել է կարգապահական պահանջները, ներկայացրել է անթույլատրելի պահանջներ՝ կերակրադռնակը միշտ բաց պահելու, զբոսանքի ժամանակը երկարացնելու վերաբերյալ, և փորձել է խաթարել խցերի ստուգման ընթացքը։ «Ընդամենը ստանդարտ գործողություն խցերի խուզարկության հետ կապված, և դատապարտյալները փորձել են բողոքի ակցիա իրականացնել ոչ իրավաչափ մեթոդներով՝ այրել են գույքը խցի, որի իրավունքը նրանք չունեն, որին հետևել է համապատասխան վերաբերմունքը՝ լիազորությունների շրջանակներում: Այսինքն՝ որևէ լիազորության վերազանցում այս պահի դրությամբ չկա ֆիքսված», - «Ազատությանը» փոխանցել է արդարադատության նախարարը։ Դեպքից մեկ օր անց Սրբուհի Գալյանը հանդես է եկել պաշտոնական մեկնաբանությամբ՝ պաշտպանելով բանտի ղեկավարության գործողությունները՝ պնդելով, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում կիրառվել է համաչափ ուժ։ Նա հայտնել է, որ անկարգություններ հրահրող դատապարտյալին տեղափոխել են մեկ այլ հաստատություն, իսկ դրան հաջորդել են ներքնակների այրման, գույքի վնասման ու դռներին հարվածելու դեպքերը։ «Մեր խմբի ներկայացուցիչների այցի ընթացքում այրված իրեր չեն հայտնաբերվել՝ այդպիսի խոշորածավալ», - նշել է Զարուհի Հովհաննիսյանը։ Դիտորդները Արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն հարցեր են ուղղել խցերի վիճակի և հացադուլավորների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, սակայն եռօրյա ժամկետում պատասխան չեն ստացել։ Իրավապաշտպանները համոզված են՝ քանի դեռ ՔԿԾ-ն չհիմնավորած և ծանրակշիռ փաստարկներ չի ներկայացրել բռնի գործողությունների կիրառման վերաբերյալ, դիտորդների գնահատականը մնում է միանշանակ։ «Այդ ի՞նչ հրատապ խնդիրներ էր, ի՞նչ հրատապ գործողության կարիք կար, որ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին էին ներգրավել և իրականում իրականացրել են բավական դաժան գործողություն, որը մենք չենք կարող համարել, որ այս գործողություններն եղել են իրավաչափ և համաչափ», - ասել է Հովհաննիսյանը։ Նախարարությունը հայտնել է, որ տեղի ունեցածի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Միաժամանակ՝ նախարարությունում սկսվել է ծառայողական քննություն։ Գործն ուղղված է դատապարտյալների դեմ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և բանտի աշխատանքներին խոչընդոտելու հիմքերով։ Նույն օրը նախարարությունը արձագանքել է նաև դիտորդների զեկույցին՝ ընդգծելով, որ բռնության մասին հայտարարվածը հիմնված է բանտարկյալների պատմությունների վրա, իսկ դիտորդները որևէ անձնական պնդում չեն արել։ Ըստ նախարարության՝ իրենց անցկացրած զննության արդյունքում մարմնական վնասվածքներ արձանագրված չեն եղել, խցերում կոտրված մահճակալներ չեն հայտնաբերվել։ Միաժամանակ նշվել է, որ բանտը կառուցվել է մոտ 40 տարի առաջ և չի բավարարում միջազգային չափանիշներին։ Նորոգման աշխատանքներ են ընթանում, քննարկվում է նաև նոր բանտի կառուցման հարցը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |