ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համար տարակուսելի են պաշտպանության փոխնախարարի պնդումներն այն մասին, թե Սյունիքում կրակոցներն անհասցե են, կուտակումներ էլ չկան։
«Նույնիսկ փաստագրված տվյալներ կան, թե ինչպես են կրակոցները տների ուղղությամբ լինում, և այսքանից հետո ասել, թե կրակոցները հասցեական չեն, մեղմ ասած, սուտ է։ Երբ ՊՆ-ն է նման հայտարարություն տարածում, ուղղակի անընդունելի է, խայտառակություն է։ Ի վերջո, սահմանին ապրող մարդիկ ամենօրյա ռեժիմով զգում են ադրբեջանական ագրեսիան»,-ասել է Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նրա համոզմամբ, չնայած իշխանություններն անընդհատ հայտարարում են խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, իրողությունն այն է, որ «Ադրբեջանը որևէ կերպ տրամադրված չի խաղաղության գնալու»։
ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը վստահեցրել է, որ Սյունիքում իրավիճակը նորմալ է։
«Կրակոցները ոչ թե մեր գյուղերի վրա են, այլ սահմանից այն կողմ են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Ղազարյանն ընդգծել է՝ կարող են և կրակել, բայց «վնաս չեն հասցնում չէ՞ մեզ»։
Ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի մշակույթի տունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,–ասվում է հայտարարության մեջ: