14 ապրիլի 2025 - 15:53 AMT
Ալեքսանյան․ Ղուկասյանը քաղաքականություն է մտել քրեական գործերից պաշտպանվելու համար

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը , անդրադառնալով Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ասել է, որ Սարիկ Մինասյանին Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցը վերապահված է խմբակցությունը և այժմ պետք է սպասել այդ որոշմանը։

«Այդ հարցը խմբակցությունն է որոշելու, նիստը տեղի կունենա, և որոշումը կկայացվի»,–հավելել է պատգամավորը, հայտնում է Aysor.am-ը։

Հարցին՝ արդյոք իշխող ուժը նախատեսում է բանակցել ընդդիմադիրների հետ, Ալեքսանյանը բացասական է պատասխանել։

«Չէ , ընդդիմադիրների հետ ի՞նչ բանակցենք։ Իրենք իրար հետ լավ բանակցում են։ Մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համամասնական ընտրակարգի ներմուծումից հետո Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունն է։ Մնացածն էլ՝ ինչպես կդասավորվի։ Ընդդիմադիրներն իրար հետ շատ լավ համագործակցում են ու դրա սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է»,–ասել է նա։

Լրագրողների հետաքրքրվել են, թե հնարավո՞ր է, որ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվելուց հետո ենթարկվի քաղաքական մղումով իրականացվող ձերբակալության։

«Իշխանությունը ոչ մեկին չի բռնում։ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական պրոցեսների մեջ է մտել էն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Այսինքն՝ պատճառահետևանքային կապը հետևյալն է՝ հարուցվել են քրեական գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ ու ինքը մտել է քաղաքականություն, որպեսզի, իր արևին, պաշտպանվի դրանցից»,–ասել է նա։

Մարտի 30–ին կայացած ՏԻՄ արտահերթ ընտրություններում Գյումրիում ոչ մի ուժի չի ստացել մեծամասնության քվեն։ Եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։

Փարաքարում ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» դաշինք (Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան) և «Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)։ Առաջատարը «Միասնություն» դածինքն է, որի մաս կազմող «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտնել է իր թեկնածուի՝ Վալոդյա Գրիգորյանի հաղթանակի մասին։