Իրանի ԱԳ փոխնախարար․ Ջանքերը պետք է կենտրոնացնենք ՀՀ հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ

Իրանի ԱԳ փոխնախարար․ Ջանքերը պետք է կենտրոնացնենք ՀՀ հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին հայտարարել է, որ ջանքերը պետք է կենտրոնացնենք ՀՀ հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ։ Նա այդ մասին ասել է Regionmonitor.com-ին տված հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք նախատեսվում է ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, փոխարտգործնախարարը պատասխանել է՝ ըստ իս՝ ինչո՞ւ ոչ:

«Մենք կարծում ենք, որ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ, և կարծում եմ, որ այդ միտումը կա, երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար: Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը երկու կողմերի համար կարող է լինել ավելի լավ հենակետ՝ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար:

Գուցե և ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար»,–ասել է իրանցի պաշտոնյան։

Պատասխանելով Իրան-Հայաստան համագործակցության ընթացիկ մակարդակին վերաբերող հարցին, Թախտե Ռավանչին ընդգծել է, որ Իրանը և Հայաստանը երկու լավ հարևաններ են:

«Մենք վայելում ենք երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող լավ հարաբերությունները: Մենք կարծում ենք, որ առկա է մեծ ներուժ, որը պետք է օգտագործվի երկու երկրների կողմից՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար: Կարծում ենք, որ առևտրի ոլորտում շատ բաներ կան, որոնք կարող են շահեկան լինել երկու կողմերի համար՝ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից: Կարծում ենք, որ մշակույթի ոլորտում կան շատ լավ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ երկու երկրների միջև, ինչպես Երևանում և Թեհրանում, այնպես էլ երկու երկրների մյուս քաղաքներում:

Համագործակցության մասով այդպիսի օրինակներ կարող են լինել համալսարանների փոխանակման, ուսանողների փոխանակման, պրոֆեսորների փոխանակման ծրագրերը ևս: Բացի այդ, մենք կարծում ենք, որ կան այնպիսի ոլորտներ, որոնք պետք է լրացուցիչ ուսումնասիրել: Ինչպես օրինակ տրանսպորտային անցումների առումով, որոնք կարող են կապել երկու երկրներին իրենց հարևանների հետ: Իմ կարծիքով`կա մեծ ներուժ, որը կարող է օգտագործվել: Ժողովուրդների փոխանակումը՝ տուրիզմը, ևս մեկ ոլորտ է, որը կարող է դիտարկելի լինել երկու կողմերի համար: Այսպիսով, կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ ոլորտներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն երկու երկրները՝ որպեսզի կողմերի միջև առկա լավ հարաբերություններն ավելի զարգանան և ընդլայնվեն:

Տեսնում ենք, որ երկու կողմերի մոտ առկա է հետաքրքրություն և կան շփումներ երկու երկրների պաշտոնյաների՝ արտաքին գործերի նախարարների և նախագահների միջև: Երկու ազգերի բարձրաստիճան պաշտոնյաները հետաքրքրված են փոխանակելու իրենց տեսակետներն տարբեր առիթներով: Այսպիսով, ամեն ինչ պատրաստ է երկկողմ հարաբերությունները բարելավելու համար, և ոչ միայն երկկողմ, մենք կարծում ենք, որ միջազգային ասպարեզում ևս կարող ենք ավելի մեծ համագործակցություն ունենալ Միավորված ազգերի կազմակերպության և այլ միջազգային ֆորումների շրջանակներում»,–ասել է նա։

Փոխնախարարը հավելել է, որ կան շատ հնարավորություններ, որոնք պետք է բացահայտվեն, և Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---