15 ապրիլի 2025 - 11:44 AMT
Ստոկհոլմում հայ գերիների ազատության պահանջով բողոքի ակցիա է անցկացվել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ադրբեջանում շինծու գործերով պահվող հայ գերիների։ Ցուցարարները հավաքվել են՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունն ու պահանջելու միջազգային արձագանք։

Ակցիայի մասնակիցները կոչ են արել Շվեդիայի իշխանություններին չլռել, միջամտել ստեղծված իրավիճակին և նպաստել գերիների ազատ արձակմանը։

«Ձեր լռությունը՝ մահվան դատավճիռ է»,–նշել են մասնակիցները։

Ցուցարարները նաև կոչ են արել դատապարտել Ադրբեջանի գործողություններն ու պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ասվում է, որ հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով։