Խանումյան․ Արցախցիների` անձնագրերը չփոխելու, քաղաքացի չդառնալու պնդումները չափազանցված են

Խանումյան․ Արցախցիների` անձնագրերը չփոխելու, քաղաքացի չդառնալու պնդումները չափազանցված են

PanARMENIAN.Net - Արցախցի քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը հայտարարել է, որ արցախցիների կողմից անձնագրեր չփոխելու և ՀՀ քաղաքացի չդառնալու վերաբերյալ պնդումները չափազանցված են։

Ըստ նրա՝ լավ կլինի մտածել` ինչպես օգտագործենք մարդկանց ներուժը տարբեր ազգային խնդիրներ լուծելու համար։

«Եթե 070 կոդով անձնագիր կամ հաշվառում ունեցած մարդկանց թիվը համարենք 150 հազար, ապա նրանցից այսօր (կառավարության 2023թ. հոկտ. 26-ի որոշում հաշվի առնելով), իմ գնահատականով, ՀՀ քաղաքացի է մոտ 50 հազարը։ Քաղաքացիություն ստացել է 8 հազար չափահաս անձ, Արցախի տարբեր շրջաններում բնակվում էր մոտ 35 հազար մարդ, որոնք առաջին անձնագիրը ստացել էին ՀՀ-ում և քաղաքացիությունը վերահաստատվել է ինքնաբերաբար։

Հետևաբար, կեղծ պնդումների վրա կենտրոնանալու փոխարեն լավ կլինի մտածել` ինչպես օգտագործենք մարդկանց ներուժը տարբեր ազգային խնդիրներ լուծելու համար»,-գրել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---