15 ապրիլի 2025 - 14:58 AMT
Ռուբինյանը` Սերժ Սարգսյանին. Գայթակղությունը մեծ է՝ էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություն անելու

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ խորհրդարանական ընդդիմությունը, հատկապես այն հատվածը, որը ղեկավարվում է նախկին նախագահների կողմից, հետևողականորեն գործում է Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության դեմ։

«Մեր ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին, այսպես կոչված, նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն, ամեն ինչ արել է և շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, ժողովրդավարության»,– ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

Անդրադառնալով երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որը 2018թ. իրադարձությունների մասին խոսելիս ասել էր, թե «ժողովուրդը նախրի մեջից էշի ճակատն է համբուրել»` Ռուբինյանն ասել է, որ գայթակղությունը մեծ է՝ էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու:

«Գայթակղությունը մեծ է՝ էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու: Մասնավորապես, երբ մարդիկ անիմաստ խոսում են, գիտեք՝ ժողովուրդը ոնց է անվանում։ Բայց ես չեմ իջնի այդ դաշտ։ Իսկ, ընդհանրապես, ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018թ․ ապրիլի 23-ի իր խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Հետևաբար, ժողովրդի ասած, «էշ-էշ» խոսելու պահն է»,–ասել է նա։

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 35–ամյակին նվիրված նիստում իր ելույթի ժամանակ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով այն մասին, թե Հանրապետականին մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ՝ Սարգսյանը նշել է, որ կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում է տվել, որ չի ստիպել «գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը»:

«Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է»,–ասել է նա։