Կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով երկարաձգել 40,000 դրամի աջակցությունը

Կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով երկարաձգել 40,000 դրամի աջակցությունը

PanARMENIAN.Net - Կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ Արցախից տեղահանված բնակիչների համար նախատեսված 40,000 դրամի ֆինանսական օգնությունը ևս 2 ամսով երկարաձգել։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո այդ մասին լրագրողներին է հայտնել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, «Արցախի երիտասարդական թև» ՀԿ նախագահ Նժդեհ Իսկանդարյանը։

«Այս անգամ էլ ներկայացրել ենք մեր բոլոր առաջարկները, բայց, ցավոք, հարցերին ավելի երկարաժամկետ լուծումներ տալու համար մեր հիմնավորված փաստարկները չեն ընդունվել։ Իրենց առաջարկներն էլ մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր եղել են։ Մեզ ասացին, որ կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով երկարաձգել 40,000 դրամ տրվող աջակցությունը։ Այսինքն` կարելի է ասել մասնակի հետքայլ է եղել, բայց 50,000 դրամի մասին խոսք լինել չի կարող», – ասել է Իսկանդարյանը, հայտնում է ՍիվիլՆեթը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները արդեն երրորդ անգամն են հանդիպել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։

«Կառավարությունը պատրաստ է ձևավորել մասնագիտական խմբեր, քննարկել սոցիալական ծրագրի վերաբերյալ հարցեր, բնակարանային ծրագրի վերաբերյալ հարցեր և այլն», – նշել է Իսկանդարյանը։

Այսօրվա հանդիպումից առաջ խորհրդի անդամները նախատեսել են հանրահավաք անցկացնել, սակայն փոխվարչապետի հետ քննարկումից հետո որոշում են կայացրել սպասել երկու-երեք օր, ապա հանդես գալ հայտարարությամբ։

«Երկու-երեք օրից մեր անելիքների մասին կհայտարարենք», – նշել է Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նաև շեշտել է, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանը շարունակելու է մնալ իր տեղում, և դրա հեռացման հարց չի քննարկվում։ Իսկանդարյանը հավելել է, որ կառավարությունը չի պատրաստվում վերանայել իր արդեն իսկ ընդունած որոշումները։

Ապրիլի 1-ից տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակվարձի աջակցության ծրագիրն էականորեն կրճատվել է։ Այս ծրագիրն առավել հայտնի է որպես «40+10» և ներառում է ամսական 40,000 դրամ բնակարանի վարձի և 10,000 դրամ կոմունալ վճարումների փոխհատուցում՝ յուրաքանչյուր տեղահանված անձի համար։

Մարտի 29-ին Ազատության հրապարակում կայացած զանգվածային հանրահավաքի ընթացքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հրապարակել է 12 կետից բաղկացած պահանջագիր՝ հասցեագրված ՀՀ իշխանություններին և միջազգային կառույցներին։ Այդ պահանջների թվում ընդգծվել է բնակվարձի աջակցության կրճատման բացառումը և նոր բնակարանային ծրագրի մշակումը։

 Ուշագրավ
---