Գենսերը՝ հայ գերիների հարցի մասին․ Ալիևի փոխարեն կանհանգստանայի

Գենսերը՝ հայ գերիների հարցի մասին․ Ալիևի փոխարեն կանհանգստանայի

PanARMENIAN.Net - «Նովայա Գազետա» պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված շինծու գործերով Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ: Հոդվածում ներկայացված է նաև Վարդանյանի միջազգային իրավաբանական պաշտպան Ջարեդ Գենսերի հետ հարցազրույցը։

Նա հայտնել է, որ մարտի 12-ին հացադուլը դադարեցնելուց հետո Վարդանյանի առողջական վիճակը կայուն է, հայտնում է «Առավոտը»։

«Ինչպես մանրամասն արտահայտված է իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր, ինչը լուրջ հետևանք է թողել առողջության վրա։ Նա կորցրել է ավելի քան 6 կգ, իսկ արյան ճնշումը հասել է վտանգավոր մակարդակի՝ 140/110, ինչը համարժեք է երկրորդ աստիճանի հիպերտոնիայի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առանցքային դեր է ունեցել նրա բժշկական աջակցությունն ապահովելու հարցում։ Սակայն ԿԽՄԿ-ին Ադրբեջանից վտարելու Ալիևի հրամանով վտանգվում է թե՛ բուժսպասարկման շարունակականությունը, թե՛ նրա ընտանիքի հետ կապի պահպանման հնարավորությունը։

Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Ադրբեջանի պահվող մյուս հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատման ուղղությամբ։ Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ միջազգային ճնշումը աճել է»,–ասել է նա։

Գենսերն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչո՞ւէ Արևմուտքն այնքան պասիվ հայ գերիների, այդ թվում՝ Վարդանյանի իրավունքների պաշտպանության հարցում:

«Չեմ կարծում, որ այդ գնահատականը արդարացի է։ Թեև նախկինում դա կարող էր այդպես լինել, վերջին ամիսներին նկատելի առաջընթաց է արձանագրվել։ Նախորդ տարվա հոկտեմբերին, նախընտրական արշավի ընթացքում, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ալիևի գործողությունները Արցախի բնակչության հանդեպ կարելի է բնութագրել որպես էթնիկ զտում, և ընտրվելու դեպքում նա պաշտպանելու է հալածված քրիստոնյաներին։ Այդ հայտարարությունից հետո Թրամփի վարչակազմը շարունակել է հետևողականորեն աջակցել այս դիրքորոշմանը թե՛ հրապարակային հայտարարությունների, թե՛ մասնավոր դիվանագիտական ուղիներով։

Օրինակ՝ 2025 թվականի մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցը այս հարցով հրապարակային գրառում է կատարել։ Բացի Թրամփի վարչակազմի գործողություններից, պետք է նշել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Եվրամիության վերջին նախաձեռնությունները։ Մարտի 3-ին ՄԱԿ-ի հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը հանդես է եկել կոչով՝ հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով, իսկ մարտի 12-ին ԵՄ-ն ներկայացրել է համատեղ բանաձև, որում դատապարտել է հայ կալանավորների նկատմամբ իրականացվող ցուցադրական դատավարությունները»,–նշել է Գենսերը։

Այն հարցին, թե կարո՞ղ է Թրամփի վարչակազմը ուղղակի միջամտել Վարդանյանի գործին՝ Գենսերը պատասխանել է, որ Թրամփի վարչակազմն արդեն հստակ ազդարարել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը առաջնահերթություն է համարում։

«Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը որևէ կերպ կաջակցի խաղաղության համաձայնագրին, եթե մինչ դրա ստորագրումը կամ հենց այդ պահին գերիները չազատվեն։ Հաստատ համոզված եմ, որ Թրամփի վարչակազմը, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր, այս դիրքորոշումը հասցնում են Ալիևին։ Եթե վերջինս չարձագանքի պատշաճ կերպով, ապա սպասվում են կոնկրետ հետևանքներ։ Ալիևի փոխարեն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը չի պատկանում այն դասական քաղաքական գործիչների շարքին, ովքեր սահմանափակվում են աստիճանական քայլերով։ Ինչպես տեսանք նրա պաշտոնավարման ընթացքում, նա կարող է դիմել անսպասելի, անհամաչափ ու նույնիսկ խիստ գործողությունների”,–ասել է Վարդանյանի փաստաբանը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---