Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետ

Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետ

PanARMENIAN.Net - Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, 18 կողմ, 0՝ դեմ ձայների հարաբերակցությամբ կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։

Նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցություն են ցուցաբերել «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բացակայում էր, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին։ Ըստ նրանց՝ Գյումրիում անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը համայնքապետի պաշտոնին ներկայացրել էր Վարդան Ղուկասյանի թեկնածությունը։

Քվեարկությունից առաջ Ղուկասյանը հանդես է եկել ելույթով և ընդգծել. «Շատ համերաշխ ընտրություն է կատարվել, որքան էլ իշխանությունը փորձում էր խառնակչություն անել»։

Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։

Մարտի 30-ին ավագանու ընտրություններ են կայացել Գյումրի և Փարաքար համայնքներում։ Գյումրիում ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, որոնցից 5-ը կարողացել են հաղթահարել անցողիկ շեմը (կուսակցությունների համար՝ 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս)։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 14 մանդատ՝, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, իսկ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ։

Նախապես «Մայր Հայաստան» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները, իսկ ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարել էին իրենց աջակցությունը Հայաստանի կոմունիստական կուսակցությանը և Վարդան Ղուկասյանին։

 Ուշագրավ
---