Ղուկասյանը մտադիր է ազատել Գյումրիի գլխավոր ճարտարապետ Գասպարյանին՝ «որ կյանքը շարունակվի»![]() 16 ապրիլի 2025 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի նորընտիր Ավագանու առաջին նիստում, երբ հաշվիչ հանձնաժողովը պատրաստվում էր քաղաքապետի ընտրությանը, Վարդան Ղուկասյանն ասել է, որ Գյումրին արագ տեմպերով կկառուցվի։ Նա հայտարարել է, որ ընտրվելուն պես մտադիր է ազատել աշխատանքից գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին՝ «որ կյանքը շարունակվի»։ Ըստ նրա Գյումրիում շատերը թշնամացած են նայում գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հանդեպ, քանի որ վերջինս բնակիչներին հաճախ տանում-բերում է շինթույլտվությունների հարցում։ Նրա պնդմամբ՝ ընտրվելուց հետո նա մտադիր է ազատել Գասպարյանին աշխատանքից, հայտնում է Panorama.am-ը։ «Անպայման պարոն Գասպարյանին այդ կաբինետից հանում ենք, որ կյանքը շարունակվի, թե չէ չի շարունակվի»,-նշել է Ղուկասյանը։ Նրան հիշեցրել են Քաղաքացիական պայմանագրի հայտարարությունը՝ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ինչին նա արձագանքել է՝ պատասխանելով, որ իրենք ավելի շատ ձայներ կհավաքեն։ «Մի բան չէի հաշվարկել, ոչինչ, եթե ընտրություններ լինեն, կուղենք»,-ասել է նա։ Ղուկասյանը խոսել է նաև տրանսպորտի հիմնախնդիրների կարգավորման մասին։ Ղուկասյանն ասել է, թե չի պատրաստվում որևէ մեկի դուռը թակել և պատրաստվում է աշխատել այնպես, ինչպես դա անում են մյուս ընդդիմադիր քաղաքապետերը, հայտնում է Aysor.am-ը։ «Ես ոչ մեկի դուռը չեմ գնում ընդհանրապես, կապրեմ այնպես, ինչպես բոլոր ընդդիմադիր քաղաքապետերը, բայց համերաշխությունը, ներողամտությունն իմ զենքն են, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում»,– արդեն որպես Գյումրու քաղաքապետ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղուկասյանը՝ ի պատասխան այն դիտարկմանը, որ նրա հաղթանակը «պյուռոսյան հաղթանակ» են կոչում, քանի որ ամեն հարց անցկացնելու համար «պետք է գնա Մարտուն Գրիգորյանի դուռը»։ «Ես խնդիր չունեմ, ասել եմ՝ իրենց ոխերիմ թշնամի չեմ ճանաչում, մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք իրենց ազգի հետ։ Դուք որ չխառնեք, ամեն ինչ լավ կլինի»,–ասել է նա։ Վարդան Ղուկասյանը հույս է հայտնել, որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն, որը նախորդ նիստը բոյկոտել է, կվերադառնա աշխատանքի, սակայն ընդգծել է՝ օրակարգի հաստատման համար նրանց ներկայությունը պարտադիր չէ։ «Ովքեր համարձակ են, իրենց քաղաքը սիրում են ամեն ինչից շատ և քաղաքական պատվերները երկրորդային են, քաղաքի շահն՝ առաջնային, կգան կմասնակցեն»,-ասել է նա։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր գործակցությանը, Ղուկասյանը հայտարարել է. «Աթոռը կհարգեմ, բայց ոնց կպահեն, ինչ ձևի կանեն՝ «каков привет, таков ответ»»։ Նա նաև նշել է, որ հիմնականում համակարծիք չէ վարչապետի քաղաքականության հետ, բայց պատրաստ է պահել ենթակայության կանոնները։ «Ղուկասյանը նշել է, որ Փաշինյանի քաղաքական հայացքներին 99,9 տոկոսով դեմ է, բայց սուբորդինացիան կպահի։ «Էն մի տոկոսն էլ տեղ եմ թողնում, որ կարող է մարդը դարձի գա»,–ասել է նա։ Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |