16 ապրիլի 2025 - 18:28 AMT
Կոնջորյան. Դատախազությունում ապօրինի գույքի բռնագանձման 147 հայցադիմում կա

Դատախազությունում ընթացքի մեջ է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ 147 հայցադիմում, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 600 միլիարդ դրամը՝ մոտ 1․5 մլրդ դոլար։ Այդ մասին Աժ–ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա հավելել է, որ այդ հայցերով պահանջվում են 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա և մասնակցություն 391 իրավաբանական անձում, հայտնում է 1lurer.am-ը։

Անդրադառնալով Գյումրիում անցկացված ընտրություններին ու ընդդիմադիր թեկնածուի հաղթանակին՝ Կոնջորյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի և՛ հաղթանակների, և՛ պարտությունների փորձ, մինչդեռ ընդդիմությունը, իր խոսքով, նույնիսկ չի մասնակցել նման ընտրություններին։

«Գնացեք դուք էլ մասնակցեք, մի տեղ հաղթեք, մի տեղ պարտվեք, մի տեղ հետևություններ արեք, թե ինչը սխալ արեցիք: Բայց դուք դա չեք կարող անել, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք»,- ասել է Կոնջորյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Ժիգուլին» տարիների ընթացքում չի փոխվել ու չի կատարելագործվել:

Մարտի 30-ին Գյումրիում անցկացված ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ չի ստացել ավագանու մանդատների 50 տոկոսից ավելին։ Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ իրենք պատրաստվում են քվեարկել ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին։ Նորընտիր ավագանին որոշում է կայացրել Գյումրի համայնքի ղեկավար ընտրել Վարդան Ղուկասյանին։ Այդ նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել։