16 ապրիլի 2025 - 18:33 AMT
Կոնջորյանը՝ ընդդիմությանը Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը համոզված է, որ իրենք տարբերվում են, քանի որ ունեն ինքնահայեցման ունակություն։ Նա այդ մասին խոսել է Ազգային ժողովում։

«Վարչապետը, օրինակ, կարող է խոսել նաև մեր չիմացության մասին, իսկ դուք ունեիք վարչապետ, որն ասում էր՝ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ»,- հայտարարել է Կոնջորյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ համացանցում տարածված է եղել մի տեսանյութ, որտեղ մեքենան բաժանված էր երկու հատվածի՝ մի կողմում պատկերված էր «Մերսեդես», իսկ մյուսում՝ «Ժիգուլի»։

Կոնջորյանի խոսքով՝ այդ տեսանյութում ցուցադրվել է, թե ինչպես է «Մերսեդեսը» ժամանակի ընթացքում զարգացել, իսկ «Ժիգուլին» բոլոր տարիներին նույնն էր ու գրված էր՝ «Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ»։

«Դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք, ժողովո՛ւրդ, դուք կրթվելու էլ տեղ չունեք, քաղաքական դինոզավր եք»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասել է ՔՊ խմբակցության պատգամավորը։