17 ապրիլի 2025 - 10:38 AMT
Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է մոտ 2․3 մլրդ դրամի գույքի յուրացման մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Երևանի նախկին քաղաքապետ և Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գ․Բ․–ն (Գագիկ Բեգլարյան), օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2004-2010 թվականներին, իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով, նպաստել է 2 միլիարդ 327 միլիոն դրամի արժեք ունեցող 27 անշարժ գույքի ապօրինի օրինականացմանը։

Ըստ հաղորդագրության՝ պարզվել է, որ այդ ընթացքում նա պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ գույքը դարձրել է իր կամ փոխկապակցված անձանց սեփականությունը, ինչը անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։ Բացի այդ, 2004-2017 թվականների ընթացքում Գ. Բ.-ն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք։

Մասնավորապես՝ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Կենտրոն համայնքին պատկանող ավելի քան 233 մլն ՀՀ դրամի շուկայական արժեք ունեցող թիվ 140 մանկապարտեզի տարածքը փաստացի իրենը դարձնելու նպատակով, 2008 թվականի դեկտեմբերի 25-ին համայնքի ավագանու նիստի օրակարգում ներառել է այդ մանկապարտեզի վերակազմակերպման հարցը՝ ավագանու անդամներից թաքցնելով նշված անշարժ գույքը հետագայում իրենը դարձնելու մտադրությունը: Արդյունքում՝ ավագանու որոշմամբ հիշյալ հաստատությունը վերակազմակերպվել և միացվել է նույն համայնքի մեկ այլ մանկապարտեզի:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Գ. Բ.-ն համոզել է Կենտրոնի նախկին ղեկավարին՝ նույն գույքը վարձակալության հանձնել իր հետ կապ ունեցող անձին, որպեսզի հետո այն անցնի իր փաստացի տիրապետության տակ։ Այս գործընթացից հետո, գույքը վաճառվել է ձևական առուվաճառքի պայմանագրով՝ շուկայականից զգալիորեն ցածր՝ 23 միլիոն դրամով, նույն փոխկապակցված անձին։

Այնուհետև, համաձայնություն ձեռք բերելով այդ անձի հետ, Գ. Բ.-ն կազմակերպել է նույն գույքի կրկին ձևական վաճառքը՝ այս անգամ 24 միլիոն դրամով իր հորը, ինչի արդյունքում գույքը փաստացի դարձել է հենց իր սեփականությունը։ Այս կերպ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցվել և խեղաթյուրվել է։

Նմանատիպ եղանակով ևս 26 անշարժ գույք՝ Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող՝ ընդհանուր 2 միլիարդ դրամ արժեքով, փոխանցվել է Գ. Բ.-ի հետ փոխկապակցված անձանց։ Այս փոխանցումները տեղի են ունեցել ուղղակի վաճառքով, նվիրատվությամբ կամ ձևական աճուրդների միջոցով, ինչի արդյունքում ողջ գույքը անցել է Գ. Բ.-ի փաստացի տիրապետության տակ։

Գ. Բ.-ին, Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով փողերի լվացման, դրան դրդելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նախաքննության փուլում Գ. Բ.-ն վերադարձրել է մոտ 210 միլիոն դրամ, և պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել վերոնշյալ 27 գույքի վրա։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։