Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասել է, որ եթե Սահմանադրության նոր տարբերակից հանվի Անկախության հռչակագրի հղումը, ապա Հայաստանը փաստացի կարող է կանգնել պետական լուծարման վտանգի առաջ։
«Եթե Սահմանադրության նոր տեքստից հանում են Անկախության հռչակագիրը՝ դրանով Հայաստանի Հանրապետությունը տանում են լուծարման»,- ասել է նա՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե, իր կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, հայտնում է «Փաստինֆոն»։
«Եթե Անկախության հռչակագրին հղումը հանվի՝ կստացվի, որ իրենք ստեղծում են մեկ այլ հանրապետություն, որի անունն էլ դժվար է ասել, թե ինչ է լինելու։
Ակնհայտ է նաև, որ ամբողջությամբ նոր սահմանադրություն գրելու իմաստը հենց դա էր, որպեսզի հրաժարվեն Անկախության հռչակագրից։ Եթե նոր սահմանադրություն են ընդունում, ապա կարող են հանել Անկախության հռչակագրին հղումը։ Եթե միայն սահմանադրության փոփոխություններ կատարեին՝ իրենք իրավունք չէին ունենա նախաբանը փոփոխելու, թեկուզ մի տառ փոփոխելու իրավունքն չէին ունենա։ Ակնհայտ է, որ Անկախության հռչակագրից հրաժարվելու համար են գնում «նոր սահմանադրություն» կոչվածի ճանապարհով»,–ասել է նա։
Նա անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության կողմից նոր Սահմանադրության տեքստի մշակմանը՝ հիշեցնելով, որ դրա համար առանձին սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ստեղծված, ինչպես նաև հանձնաժողով։
«Այսինքն, հանձնաժողովը մշակում էր, խորհուրդը, այսպես ասած, ցուցումներ էր տալիս, թե ինչ մշակեն կամ ինչ փոխեն։ Ես չգիտեմ, թե ինչ է փոխվել հիմա, քանի որ իրենք որևէ ակտ կարծեմ, չեն ընդունել, որ այլևս հանձնաժողովը չի մշակելու նոր սահմանադրության տեքստը, այլ նախարարությունն է մշակելու։ Գուցե, ներքին որոշում ունեն։
Ամեն դեպքում, իրենց ստեղծած հանձնաժողովը ոչ մի տող պաշտոնապես չկարողացավ արտաբերել այն մասին, թե հատկապես ինչու պետք է փոխել սահմանադրությունը։ Այդ խորհուրդ ստեղծելը քաղաքական ֆարս էր, որով ընդամենը ուզում էին հանրության մոտ տպավորությունը ստեղծել, որ իրենք շատ լուրջ, խորը վերլուծելով են սահմանադրություն գրում, բայց մինչև հիմա իրենց գործունեությունը ոչինչի չի հանգեցրել, իրենք ոչ մի առաջարկ, ոչ մի փոփոխության տեքստ, առավել ևս նոր սահմանադրության տեքստ, մինչև հիմա լույս աշխարհ չեն բերել։
Թե հետագայում իրենք ո՞նց են աշխատելու իրենց գործն է։ Իսկ իմ գործը մենակ այն է լինելու, որ երբ լինի նոր սահմանադրության նախագիծը, ցույց տալու, թե ինչով է դա մեր պետականության համար մեծ վտանգ ու սպառնալիք հանդիսանում»,-ասել է սահմանադրագետը։
Ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։
«Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Բայց էլի ուզում եմ ասել․ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Իհարկե «կողմ» եւ «դեմ» փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», - ասել է ՀՀ վարչապետը։