17 ապրիլի 2025 - 11:55 AMT
ԵԽ ֆրանսիացի պատգամավորները հանդիպել են արցախցիներին, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ապրիլի 16–ին այցելել են Ազատության հրապարակում տեղակայված վրան ու զրուցել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդում ներգրավված ներկայացուցիչների հետ։

«Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհը եղել է արցախահայությունը։ 1915 թվականի ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է, Ադրբեջանն ավելի քան ագրեսոր է։ Մենք տեսնում ենք, որ ինչքան մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը, այնքան Ադրբեջանը նոր նախապայմաններ է ավելացնում պայմանագրի մեջ փոփոխություններ իրականացնելու համար։ Կա ագրեսոր պետություն, որն Ադրբեջանն է, և կա ագրեսիան կրող պետություն, որը Հայաստանն է»,- ասել է ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյը, հայտնում է «Առավոտը»։

Նա նաև ընդգծել է, որ Եվրամիության կառույցներում իրենք պատրաստ են ձայն բարձրացնել արցախցիների շահերի պաշտպանության համար։

«Բայց Ֆրանսիան միայնակ չի կարող ձայն բարձրացնել ընդհանուր Եվրոպական միության տարածքում, և պետք է ԵՄ մյուս պետությունները նույնպես հայացք չթեքեն Հայաստանից՝ խնդիրների լուծման ճիշտ տարբերակները գտնելու համար, քանի որ շատ պետություններ տնտեսական ու քաղաքական շփման մեջ են Ադրբեջանի հետ»,- նշել է նա։

Նա հավելել է, որ առաջնահերթ է, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել սեփական տարածքը հնարավոր ռազմական սպառնալիքի դեպքում։

Հանդիպմանը մասնակցած Արցախի նախկին պետնախարարն ու նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Արցախցիների պաշտպանության խորհուրդը շարունակել է բանակցել Հայաստանի կառավարության հետ՝ իրենց ներկայացրած պահանջագրի կետերը լուծելու նպատակով։ Նա նաև ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Ազատության հրապարակում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։