ՌԴ–ն կրճատել է պարզեցված կարգով սապրելու իրավունք ստանալու համար առանձնացված մասնագիտությունների ցանկը։ Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը հաստատել է թարմացված ցանկը, որը ներառում է 29 մասնագիտություն։
Դրանց առկայության դեպքում որակավորված օտարերկրացի մասնագետները կարող են պարզեցված կարգով դիմել Ռուսաստանի բնակության իրավունք ստանալու համար։ Համապատասխան հրամանի տեքստը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հայտնում է Interfax-ը։
Ցանկում ընդգրկվել են հետևյալ մասնագիտությունները՝ տվյալների մեծ ծավալների վերլուծաբան (արդյունաբերական ոլորտներում, աստղաֆիզիկայում, գենետիկայում), նոր տեխնոլոգիաների ներդրմամբ զբաղվող ինժեներներ, վառելիքա–քսայուղային նյութերի ինժեներներ, պոլիմերային համակցված նյութերի ինժեներներ, վերանորոգման ու եռակցման մասնագետներ։ Ներկայացված են նաև կոնստրուկտոր ինժեներներ, ծրագրավորողներ և նախագծողներ։ Աշխատավորական մասնագիտություններից ներառված են՝ պաշտպանիչ ծածկույթներ կիրառող օպերատորներ, մամլիչներ, եռակցողներ և սվաղի մասնագետներ՝ նավաշինության, մեքենաշինության և ավիաշինության ոլորտներում։
Մարտ ամսին հանրային քննարկման ներկայացված նախագծում նշվել էր 31 մասնագիտություն։ Այդ ժամանակ նախարարության մամուլի ծառայությունը նշել էր, որ «ցանկում ընդգրկվել են միայն նեղ մասնագիտացված ինժեներական և աշխատանքային մասնագիտություններ, ինչպես նաև՝ որոշ գիտական ոլորտներում վերլուծաբաններ և ինժեներներ»։
Նախարարությունը հիշեցրել էր, որ նախկինում՝ այն ցանկում, որը հիմք էր տալիս քաղաքացինություն ստանալ պարզեցված կարգով, ներառված էին 203 անվանում։
«Որպեսզի օտարերկրացի մասնագետները կարողանան 2025 թվականին օգտվել ՎՆԺ-ի պարզեցված ձևակերպման իրավունքից, նրանք պետք է համապատասխանեն մի քանի չափանիշի, այդ թվում՝ ցանկում նշված մասնագիտությամբ անընդմեջ առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունենան դիմումի ներկայացման օրվա դրությամբ և պահպանեն Ռուսաստանի օրենսդրության բոլոր պահանջները», – նշված էր հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նաև հիշեցրել էր, որ մինչև 2023 թվականը՝ շուկայի պահանջարկ ունեցող մասնագիտություն ունեցող օտարերկրացիները կարող էին ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն պարզեցված կարգով՝ «Ռուսաստանի քաղաքացիության մասին» օրենքով 2016 թվականին ընդունված դրույթի համաձայն։ Քաղաքացիության տրամադրման հարցերով զբաղվում է ՆԳՆ-ն, իսկ մասնագիտությունների ցանկի կազմմամբ՝ Աշխատանքի նախարարությունը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ 2017-ից մինչև 2023 թվականը մասնագիտությամբ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու հնարավորությունից օգտվել է Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների ընդամենը 1%-ից պակասը։ 2023 թվականի ապրիլին այս դրույթը վերացվել է, իսկ 2024 թվականի դեկտեմբերին՝ ՆԳՆ-ի նախաձեռնությամբ, «Օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ պահանջարկ ունեցող մասնագիտություն ունեցող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ստացել են ՎՆԺ-ի պարզեցված կարգով ձևակերպման իրավունք։