17 ապրիլի 2025 - 13:59 AMT
Միրզոյան․ Կա գաղափար, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի ՀՀ և Ադրբեջանի սահմանին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի շրջանակում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում չի բացառել, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել երկու երկրների սահմանին։

«Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ»,–ասել է նա։

Նախարարն անդրադարձել է նաև համաձայնագրի ստորագրման հնարավոր խոչընդոտներին՝ նշելով, որ կողմերը հաջողությամբ համաձայնության են հասել խաղաղության փաստաթղթի բովանդակության շուրջ, և տեքստը ամբողջությամբ պատրաստ է ստորագրման։

«Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո, մենք կարողացանք, մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ»,–ասել է նա։

Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմը դիմել է ադրբեջանցի պաշտոնակիցներին՝ առաջարկելով շուտափույթ սկսել քննարկումները ստորագրման վայրի ու ժամկետի վերաբերյալ, սակայն, Բաքուն դեռևս վերջնական պատասխան չի տվել հետագա հանդիպումների վերաբերյալ՝ թե որտեղ և ինչպես է նախատեսվում ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

«Այս հարցով որևէ նորություն չկա։ Նրանք ասում են, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ իրենք չեն պատրաստվում քննարկել այդ հարցը, քանի դեռ այս կամ այն պահանջը չի կատարվել, նախ՝ առաջինը, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը և այդպես շարունակ։ Սա է իրականությունը, բայց մենք շարունակում ենք շփումները նրանց հետ»,–ասել է Միրզոյանը, հայտնում է ԱԳՆ–ն։

Այդ պահանջներից մեկն առնչվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցին։ Միրզոյանը պարզաբանել է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել նախաձեռնելու այդ գործընթացը՝ հաշվի առնելով, որ եթե այլևս հակամարտություն չկա, ապա համապատասխան կառույցի գոյության կարիք նույնպես վերանում է։ Նա նշել է, որ հայկական կողմը առաջարկել է երկու փաստաթուղթ ստորագրել նույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և համատեղ դիմում ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարումը սկսելու վերաբերյալ։

Միրզոյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության վերաբերյալ հնչեցված մտահոգություններին։ Ըստ նրա, Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որն իր հերթին՝ կարող է ընկալվել որպես տարածքային հավակնություն։ Նա ընդգծել է, որ հռչակագրի միայն որոշ հատվածներն են իրավական ուժ ունեցող Սահմանադրության իմաստով և հավելել, որ համաձայնագրում առկա համապատասխան դրույթն ամբողջությամբ պատասխան է տալիս ադրբեջանական կողմի մտահոգություններին։

«Այսպիսով, համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մեր երկրների միջև որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ՝ Խորհրդային Միության փլուզման պահին, և որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած սահմաններ։ Այդ դրույթը լիովին հասցեագրում է ադրբեջանական կողմի մտահոգություններին, ինչն ինքնին թույլ է տվել հասնել համաձայնության պայմանագրի տեքստի շուրջ։ Միևնույն ժամանակ, դա լիարժեք կերպով համահունչ է նաև մեր ընկալումներին»,–ասել է նա։

Նախարարը հավելել է, որ պայմանագիրը վավերացման փուլում պետք է ներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան, որն իրավասու է գնահատել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։

«Դա մեր իրավական ընթացակարգն է։ Եթե մեր Սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը, այդ ձևակերպումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը՝ այսինքն, չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար և միջազգային հանրության կողմից ճանաչվածն է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով, պատասխանը, լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է։ Իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է»,–հավելել է Միրզոյանը։

Միրզոյանը միաժամանակ չի բացառել բացասական եզրակացության հավանականությունը, սակայն նշել է, որ կան բավարար հիմքեր ենթադրելու՝ ՍԴ-ն կտա դրական կարծիք։

Նա հիշեցրել է, որ նախորդ տարի սեպտեմբերին Սահմանադրական դատարանը արդեն գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված մի փաստաթուղթ՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, և գտել է, որ այն լիովին համահունչ է Սահմանադրությանը։

«Մենք մեկ այլ փաստաթուղթ էինք ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա երկու երկրների միջև երբևէ ստորագրված առաջին միջազգային փաստաթուղթն էր՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Այդ կանոնակարգում մեջ մեր երկու պետությունները ևս մեկ անգամ համաձայնել են, որ սահմանազատման հիմքը պետք է հանդիսանա Ալմաթիի հռչակագիրը, որը փաստացի կրկնում է այն միտքը, որը ես արդեն նշեցի՝ սահմանները պետք է լինեն այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։ Այսպիսով, կրկին, փաստաթուղթը վավերացնելու համար մենք դիմել ենք մեր Սահմանադրական դատարան, և մեր Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ այն լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, ես ունեմ հիմնավոր պատճառ ենթադրելու, որ խաղաղության համաձայնագրի դեպքում, որն ասում է նույն բանը, մեծ հավանականություն կա, որ մեր Սահմանադրական դատարանը կրկին կասի, որ այն համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, խնդիր չկա»,–ասել է ԱԳ նախարարը։

Միրզոյանը նշել է նաև, որ հայկական կողմն իր հերթին ունի մտահոգություններ Ադրբեջանի Սահմանադրության առնչությամբ։

«Սա պարզապես հայելային հակադարձում չէ: Իրենց Սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց Անկախության հռչակագրին: Այսպիսով, իրենց Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով, մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները, բայց ինչու՞ այս հարցը շարունակաբար չենք բարձրացնում: Որովհետև մենք տեսնում ենք, ինչպես նշեցի նախկինում՝ մեր Սահմանադրության դեպքում, լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է: Մենք ստորագրում ենք այն և լուծում ենք խնդիրը: Վերջ»,-ասել է Միրզոյանը։

Ավարտելով հարցազրույցը՝ նախարարը ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս կառուցողական դիրքորոշմամբ և շատ ճկուն մոտեցմամբ։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ արվել է մեծածավալ աշխատանք, և փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է ստորագրման։

«Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած, մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետևաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական»,-ասել է նա՝ ընդգծելով, որ բանակցություններին այլընտրանք չկա։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: