18 ապրիլի 2025 - 10:33 AMT
ՀՀ–ն կողմ է քվեարկել ՄԱԿ–ի՝ ՌԴ ագրեսիան դատապարտող բանաձևին, ԱՄՆ–ն ու ՌԴ–ն՝ դեմ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որը դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, որին Հայաստանը կողմ է քվեարկել։

Կողմ է քվեարկել նաև Վրաստանը, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Բանաձևը վերնագրված է «Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի միջև համագործակցություն»։ ՄԱԿ-ի հաղորդմամբ՝ այդ փաստաթուղթը ստացել է 105 կողմ, 9 դեմ և 33 ձեռնպահ ձայն։

Դեմ քվեարկած երկրների թվում են եղել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերն ու Սուդանը, հայտնում է Factor.am-ը։

Փաստաթղթի մեջ մի քանի հատվածում հիշատակվել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի իրականացրած ագրեսիան։ Ըստ ձևակերպման՝ Եվրոպան կանգնած է լինելու «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի, իսկ դրանից առաջ՝ Վրաստանի դեմ ագրեսիայից հետո» ի հայտ եկած աննախադեպ մարտահրավերների առջև։

Բանաձևի նախագծում նշվել է նաև հատուկ տրիբունալի ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքը, որը միտված է Ուկրաինայի դեմ ռազմական հանցագործությունների քննությանը։

ԱՄՆ-ն, չնայած իր հակառուսական դիրքորոշմանը, այս անգամ դեմ է քվեարկել բանաձևին՝ ՌԴ-ի հետ միասին։ Քննարկման ընթացքում ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում ԱՄՆ-ի ժամանակավոր ներկայացուցիչ Ջոնաթան Շրայերը հայտարարել է. «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը, այդ թվում՝ վեճերի խաղաղ կարգավորման միջոցով, Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծման հիմնական նպատակն է։ Ներկայիս բանաձևը կրկնում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ, որոնք Միացյալ Նահանգները համարում է անօգուտ խաղաղության գործի առաջխաղացման համար»։

Նա հավելել է, որ Վաշինգտոնում հավատացած են՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև կայուն խաղաղության հասնելը չափազանց կարևոր է Եվրոպայի խորհրդի անդամների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար։

«Մենք հույս ունենք, որ Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները կաջակցեն և կամրապնդեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ջանքերը»,- ասել է Շրայերը։